Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Նախօրեին, ինչպես արդեն հայտնել էի, մեկնարկել է Հռոմի Պապ Լեոն 14-րդի առաջին օտարերկրյա այցը՝ Թուրքիա: Պապի այցը մեկնարկել է Աթաթուրքի դամբարան այցելությամբ, իսկ հետո Էրդողանի հետ նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումով:
Իհարկե Հայաստանում գերակշռում է այն ընկալումը, որ Մայր Աթոռի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի գործողությունները մշտապես «զուգորդվում» են ոչ անհայտ Փաշազադեի գործողությունների հետ սինքրոնությամբ:
Դուք գիտեմ իմ կարծիքն ու գնահատականը այս հարցում, հարգելի հետևորդներ, որ ես ՀԱԵ շուրջ տեղի ունեցողը համարում եմ շատ ավելի լայն համատեքստով գործընթաց և պարբերաբար մատնացույց եմ արել հենց այդ համատեքստի հետ Փաշինյանի քայլերի սինքրոնությունը, որտեղ Փաշինյանն էլ, Փաշազադեն էլ, ավելի շուտ այսպես ասած աշխատանքային դրվագներ են:
Ահա այդ իմաստով, ուշադրության եմ արժանացնում այն, որ ութ արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների հանդիպումը Փաշինյանի հետ տեղի ունեցավ այն օրը, երբ մեկնարկեց Պապի այցը Թուրքիա:
«Վստահ եմ, որ Հռոմի Պապի Թուրքիայում հնչեցրած ուղերձները կնպաստեն թուրք-իլամական և քրիստոնեական աշխարհագրությունում, ինչպես նաև ամբողջ աշխարհում խաղաղությանը», նրան հյուրընկալելով հայտարարել է Էրդողանը, իսկ Պապը հայտարարել է, որ Թուրքիան մեծ կամուրջ է ժողովուրդների ու դավանանքների միջև, նաև: «Դարդանելի կամուրջը խորհրդանշում է Թուրքիայի հատուկ դերը», հայտարարել է Պապը, ասելով նաև, որ Թուրքիան մշտապես կարևորագգույն դեր է ունեցել և ունենալու միջերկրծովյան ռեգիոնում և ամբողջ աշխարհում:
Սրանք էական հայտարարություններ են, որոնք բնորոշում են Անկարայի ու Վատիկանի դիրքորոշումների մերձեցումը քաղաքական ու դավանա-քաղաքական հարաբերությունների միջազգային համակարգում, և առավել ևս՝ մերձավորարևելյան ռեգիոնալ համատեքստում: Իսկ սա շատ էական է հենց մեզ համար, որովհետև մենք մերձավորարևելյան արեալում ենք, և այդտեղ նաև անմիջականորեն հանգամանք և գործոն է Հայ Առաքելական եկեղեցին:
Ի դեպ այս իմաստով ուշադրության է արժանի Պապի հետ հանդիպմանն Էրդողանի այն խոսքը, թե ՝ Երուսաղեմում պատմական ստատոս-քվոյի պահպանումը ունի կարևորագույն նշանակություն:
Հայ Առաքելական եկեղեցին Երուսաղեմի պատմական ստատուս-քվոյի հիմնարար մաս է: Էրդողանը այդ մասին պահպանումը և՞ս համարում է կարևոր, թե՞ համարում է, որ այդ մասը պետք է պահպանվի լոկ իբրև դեկոր, իսկ բուն իմաստով այն պետք է ենթակա լինի «պատմական ստատուս-քվոյի» մահմեդական բաղադրիչին:
Սա չափազանց էական հարց է, այդ թվում նաև Մայր Աթոռի և ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու թե դավանա-քաղաքական նկարագրի ու հեղինակության, թե կառուցվածքային կարգապահության դեմ ներկայիս ոտնձգությունների պայմաններում:
Ահա, թե ինչու կարծում եմ զուտ ժամանակագրական զուգադիպություն չէ, երբ «ապստամբ ութնյակի» և վարչապետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունենում այն օրը, երբ Անկարա է ժամանում Հռոմի Պապը:
Ի դեպ, Թուրքիա այցի շրջանակում Պապը Նիկեայում կհանդիպի Տիեզերական Պատրիարք Բարթողոմեոս Ա-ի հետ: Նիկեա այցը կապված է Տիեզերական առաջին ժողովի 1700-ամյակի հետ, բայց անկասկած Պապն ու Պատրիարք պատմական խորքի համատեքստում կքննարկեն այդուհանդերձ այօրվա ու վաղվա հարցերը: Իսկ Տիեզերական Պատրիարքի «պատասխանատվության գոտում» է նաև Երուսաղեմում «պատմական ստատուս-քվոյի» մի շոշափելի մաս, բառի բուն և պատկերավոր իմաստով:
Ի դեպ, երկու օր առաջ Անթիլիասը հայտնեց, որ Նիկեայում միջոցառմանը մասնակցելու Հրավեր Պապից ստացել է նաև Արամ Առաջին Վեհափառը: Նրան բա՞ն կառաջարկեն Նիկեայում:
Թե՞ Նիկեայում կփորձեն պատասխան լսել, այն առաջարկի, որ Վեհափառին օրեր առաջ ԱՄՆ հովվապետական այցի շրջանակում արել է կեցավայրում նրան հյուր եկած Նենսի Փելոսին»: