Տեսակետ

Գրությամբ հաստատել են՝ Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տարածված տեսանյութերն իսկական են. Բաբաջանյան

Գրությամբ հաստատել են՝ Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տարածված տեսանյութերն իսկական են. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ինչպես ավելի վաղ ասում էի, Եկեղեցին ներսից ինքնամաքրման գործընթաց է սկսել։ Այս տասը եպիսկոպոսները սեփական հեղինակությամբ ստանձնում են Հայ Եկեղեցին, նրա նվիրապետությունն ու արժանապատվությունը փրկելու գործը։ Սա խորապես գնահատանքի արժանի քայլ է․ Եկեղեցին մաքրվում է սեփական խղճի դատաստանից։

Սրբազան հայրերն իրենց գրությամբ հաստատում են, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպս. Խաչատրյանի մասնակցությամբ տարածված տեսանյութերն իսկական են, և արձանագրում են, որ Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետը այդ սրբապիղծ արարքը կոծկելով՝ դավաճանում է կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին։ Եպիսկոպոս հայրերը հստակ ձևակերպում են, որ Գարեգին վեհափառն այսու անհավատարիմ է գտնվել իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» առաջնորդելու Հայ Եկեղեցին։

Հուսանք, որ այս իրավիճակում Գարեգին վեհափառը այլևս առանց անհարկի դիմադրության թույլ կտա, որ Արշակ արքեպս. Խաչատրյանը թողնի կարգը և հեռանա Մայր Աթոռից, իսկ ինքն էլ շուտով կհրաժարվի Լուսավորչի գահից և կգնա հանգստի։

Հայ Եկեղեցին խորը ինքնամաքրման կարիք ունի։ Փառք և պատիվ այս առաքելությունն ստանձնած մեր պանծալի Եկեղեցու սրբազան հայրերին, որոնք գործում են ի շահ Քրիստոսի սուրբ Եկեղեցու հարատևության, Լուսավորչի սուրբ գահի անսասանության և Հայոց պետականության հզորացման»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական