Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«ԱՄՆ նախագահ Թրամպը Վաշինգտոնում ընդունելով Սաուդյան Արաբիայի արքայազնին, հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայն ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակիցն է: Արքայազն Բեն Սալմանի այցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ Ռիյադը Նահանգներում իր ներդրումները առաջիկա տարիների համար կհասցնի մինչեւ 1 տրիլիոնի:
Ամիսներ առաջ՝ իր պաշտոնամուտից հետո Մերձավոր Արեւելք՝ Սաուդյան Արաբիա, Կատար ու ԱՄԷ կատարած այցի ընթացքում Թրամպը հայտարարել էր 600 միլիարդ դոլարի սաուդական ներդրումների մասին, որ պայմանավորվել էին առաջիկա տարիների համար: Այժմ փաստորեն խոսք է գնում 400 միլիարդ դոլարով ավելիի մասին:
ԱՄՆ Ռիյադին կմատակարարի Ֆ35 կործանիչներ, 300 տանկ եւ այլ սպառազինություն: Ըստ էության, սա մերձավորարեւելյան անվտանգության բալանսի վերափոխմանը միտված էական քայլ է:
Հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիան դառնում է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոոր դաշնակից, անշուշտ շատ հետաքրքիր է: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է այդ դեպքում Իսրայելը, եթե Սաուդյան Արաբիան է դառնում ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ գլխավոր դաշնակիցը: Իսրայելը մղվում է առնվազն երկրորդ պլա՞ն, թե՞ Իսրայելը պարզապես դուրս է հաշվից, այսինքն Իսրայելը ըստ էության այնքան օրգանական է դիտվում, որ հաշվի մեջ չէ:
Գործնականում սակայն, ամերիկա-իսրայելյան հարաբերությունը շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, քան կարող է մոնոլիտ թվալ առաջին հայացքից: Ես պարբերաբար մատնացույց եմ արել դրվագները, հատկանշական պահերը, որոնք վկայում են այդ ոչ միարժեքության մասին:
Աշխարհում փոխվում է ուժերի բալանս եւ ԱՄՆ չի կարող իրեն թույլ տալ Իսրայելի հանդեպ իր «ավանդական» քաղաքականությամբ «տեսադաշտից» դուրս թողմել արաբական աշխարհը, որի ուղղությամբ արդեն քանի տարի բավականին ինտենսիվ աշխատում է թե Չինաստանը, թե նաեւ Ռուսաստանը:
Առավել եւս, որ դրանից զատ, արաբական էլիտաների հարցում իհարկե որոշակի ազդեցություն ունի Թրամպի «ներքաղաքական» գլխավոր մրցակիցը՝ Լոնդոնը:
Հետեւաբար, Նահանգների ղեկին լինեն դեմոկրատներ, թե հանրապետականներ, եթե նրանք սպասարկելու են ԱՄՆ շահը, անխուսափելիորեն ստիպված են լինելու մտածել Իսրայելի հանդեպ քաղաքականության վերանայման մասին:
Վերստին հիշեցնեմ ամերիկյան աշխարհաքաղաքականության մետրներից մեկի՝ Քիսինջերի խոսքը, որ նա արել էր տարիներ առաջ, թե՝ 2024 թվականին Իսրայել պետությունը գոյություն չի ունենա իր ներկայիս տեսքով: Այդ խոսքի համատեքստն ըստ էության այն է, որ չպետք է գոյություն ունենա նաեւ այդ պետության հանդեպ ամերիկյան քաղաքականությունը իր «ավանդական տեսքով», եթե ԱՄՆ ուզում է մրցունակ լինել նոր Մերձավոր Արեւելքում, որը թերեւս դառնալու է առավել գլոբալ ռեգիոն»: