Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հայաստանի ներկա իրավիճակը սթափ եւ համակարգված գնահատելու, նրա ապագան գոնե կարճաժամկետ հեռանկարով ծրագրավորելու համար պետք է հանրայնորեն ընդունել, որ ԼՂ խաղաղ կարգավորման միակ իրացնելի տարբերակը 1997-ի փուլայինն էր, որ միջազգային ոչ թե լայն, այլ կոնսենսուսային աջակցություն ուներ այնքան, որ համաձայնել էր նաեւ Ադրբեջանը:
Այդ ծրագրի ձախողումը ձեռնտու էր միայն Հեյդար Ալիեւին: Դա նրա հնարավորությունն էր՝ խուսափելու քաղաքական կապիտուլյացիայից, որ տեղի էր ունենալու Ադրբեջանի կողմից ԼՂ իրավական սուբյեկտության եւ Լաչինի շրջանի հետ նրա տարածքային ամբողջականության ճանաչմամբ: Հետագա ավելի քան երկու տասնամյակներին ըստ էության բանակցություններ չեն ընթացել, եղել է իմիտացիա: Հայաստանի իշխանություններին դա բավարարել է այնքանով, որ ապահովել է վերարտադրությունը եւ ժառանգորդականությունը:
Ադրբեջանին իրավիճակը լիովին ձեռնտու է եղել՝ ավելի լավ նախապատրաստվելու ռեւանշ-պատերազմի, այդ «իրավունքի» համար միջազգային աջակցություն ձեւավորելով հանդերձ:
Հայաստանը չի կարող ունենալ ապագա կերտող մտավոր առողջ, հոգեբանորեն կայուն սերունդներ, եթե այս ճշմարտությունը բոլոր հարակից շերտերով չբացահայտվի: Ընդդիմությունը պայքարում է պատմա-քաղաքական ճշմարտության բացահայտման դեմ: Այստեղ արտառոց ոչինչ չկա, բացի նրանից, որ փուլային կարգավորման հեղինակ առաջին նախագահը եւ ՀԱԿ կուսակցությունն այսօր փուլայինը ձախողածների հետ նույն ճամբարում են եւ հաճախ ավելի եռանդուն են մերժում Նիկոլ Փաշինյանին, քան մյուսները: Ով այս «անոմալիան» բացատրի, նա էլ կծրագրավորի իրական Հայաստանի իրատեսական ապագան:
Հ.Գ. 1998-ի «իշխանափոխությունից» հետո Դաշնակցությունը բազմիցս բարձրացրել է նախկիներին եւ հատկապես «լեւոնականությանը» քաղաքական «դատի տալու» հարցը: Այսօր հրամայական է, որպեսզի իրավա-քաղաքական գնահատական տրվի ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորման միջազգային հայեցակարգի վիժեցմանը: Բոլոր մասնակիցները եւ դերակատարները պետք է պատմության եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդի անարգանքի սյունին գամվեն»: