Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Լոռենցը գրում է.
«Մի այսպիսի ռոմանԾիկ պատմությամբ եմ կիսվում ձեզ հետ։
2018 թվականին մեքենաս վաճառեցի։ Վաճառեցի ապառիկ, (2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով) պայմանով, որ գնորդը պետք է ամսական ինչ որ գումար վճարելով, մեկ տարվա մեջ մարեր ամբողջ պարտքը, ապա մեքենան անվանափոխեինք։ Գնորդը կին էր, որ մեքենաս ձեռք բերեց իր կրտսեր որդու համար։ Մեր միջև կնքվեց պայմանագիր, որը գնորդը ճանաչել է․ 2 ամիս կանոնավոր վճարել է, ապա, իրենց ասելով, շարքից դուրս է եկել մեքենայի շարժիչը, որից հետո այլևս որևէ վճարում չի արվել։ Ստիպված էի դատարան դիմել։
Դատական պրոցեսը ձգվեց հինգ երկար տարիներ։ Դատավորներ փոխվեցին, ի վերջո՝ երկու ամիս առաջ դատարանը որոշում ընդունեց՝ մերժելով հայցս, պատճառաբանելով, որ պայմանագիրը նոտարով վավերական չէր, մեքենան չեմ անվանափոխել և այլն․․․
Դատական քաշքշուկներից խուսափելու համար վերաքննիչ չդիմեցի, համակերպվեցի․ դատից հետո փորձեցի մեքենաս, բանալիներս, փաստաթղթերս հետ վերցնել։ Գնորդի հեռախոսահամարը չունեմ, կորցրել եմ։ Ստիպված դիմեցի իր փաստաբանին, խնդրելով միջնորդել, որ իրենց պաշտպանյալը վերադարձնի մեքենաս, փաստաթղթերը։ Երկու անգամ զանգել եմ, պատասխանել են, որ վաղը կզանգահարենք, բայց, չեն զանգահարել։ Ստիպված Հայփոստի միջոցով նույնաբովանդակ նամակ ուղարկեցի սեպտեմբերի 20-ին։ Սակայն, կրկին անարձագանք։ Փաստաբանական գրասենյակից հարկ չհամարեցին անգամ պատասխանել։
Հիմա կհարցնեք․ լավ, բա էս պատմության մեջ ռոմանԾիկան ո՞րն է։
ՌոմանԾիկան այն է, որ այսօր պատահաբար իմացա, որ մեքենայիս գնորդը փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի մայրն է։ Եվ Կոչուբաևն էր նրա պաշտպանը։ Իհարկե՛, սիրասուն որդին պարտավոր է նաև որպես փաստաբան պաշտպանել սիրելի մայրիկին։ Բայց, ինձ համար զարմանալի էր, որ հանուն արդարության, հանուն առաքինության, աշխարհի բոլոր չար երևույթների դեմ պայքարող, ազնվազարմ, քաղբանտարկյալ, քաջարի, իր իսկ սեփական քրտինքով տուն պահող, ազնիվ ու առաքինի կյանքով ապրող փաստաբանի սերն առ սիրասուն մայրիկ, արժեր․․․ 700․000 դրամ։ Իր իսկ ներկայացրած հակադարձ հայցով պարոն ազնվազարմ փաստաբանը ներկայացրել է, թե մոր շահերը պաշտպանելու համար իր հոնորարը կազմել է ուղիղ այդքան՝ 700․000 դրամ։ Չէ․․․ սա փող քերել չէ, սա փաստաբանի ազնիվ աշխատանքի վարձատրության չափն էր, սեփական մոր շահերը պաշտպանելիս։ Ի դեպ, մեկ այլ հակադարձ հայցով իր փաստաբանական գրասենյակի մեկ այլ փաստաբանի հոնորար ներկայացված էր․․․ 500․000 դրամ։ Դե, երևի հայցվոր մայրիկը ամեն դեպքում ջոկողություն է արել, սեփական որդուն ծառայության համար 200․000 դրամով ավելի շատ հոնորար է նշանակել, քան, սովորական փաստաբանին։
Հիմա ինչ, ստացվում է, որ ազատության, արդարության, չարիքի դեմ պայքարող պարոն քաղբանտարկյալ փաստաբանը իր մոր հետ թաքցնու՞մ է իմ գույքը համարվող ավտոմեքենան, քանզի իր գրասենյակից մինչ պահս այդպես էլ չեմ ստացել որևէ արձագանք։ Ի՞նչ է մնում անել այս պարագայում․․․»