«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Փաշինյան–Սանդու հանդիպումը ուղենիշ է, սակայն Սանդուին ոչ միայն պետք է հանդիպել, այլև սովորել՝ ինչպես հաղթել պետության և ժողովրդավարության թշնամիներին:
ժողովրդավարական անվտանգությունը պետք է դառնա պետական անվտանգության առանցքը։ Մայա Սանդուն պաշտոնավարման ընդամենը երեք տարում հստակ ցույց տվեց՝ սուվերենությունն սկսվում է ինստիտուտներից. կուսակցական ֆինանսավորման լիակատար թափանցիկություն, անկախ արդարադատություն, ընտրական համակարգի պաշտպանություն, կիբերհիգիենա և կեղծ տեղեկատվության կանխարգելում։ Ահա այն մեխանիկան, որով կոտրվում է քրեաօլիգարխիայի շահերի շղթան և նահանջում է օտար ազդեցության լծակը։
Հայաստանին պետք է նույն տրամաբանությունը՝ խոստումներից դեպի ինստիտուցիոնալ լուծումներ․ քաղաքական փողի աղբյուրների բացահայտ հաշվետվություն, հակակոռուպցիոն հետաքննությունների իրական անկախություն, ընտրական ու թվային ենթակառուցվածքների պաշտպանություն, մեդիագրագիտության ազգային ծրագիր, ինչպես նաև դատական համակարգի որակական սանիտարիա՝ անխուսափելի պատասխանատվությամբ։ Սա «պայքար ընդդեմ ինչ-որ մեկի» չէ, սա պետության ինստիտուցիոնալ հզորացման օրակարգ է։
Երևան–Քիշնև համագործակցությունը պետք է անհապաղ առարկայացնել՝ ներդնելով համատեղ հակակոռուպցիոն քննությունների մեխանիզմներ, համակարգելով ընտրական կառավարման փորձի փոխանակումը, սահմանելով կիբերհարձակումներին արագ արձագանքման միասնական շրջանակ, ներդնելով քաղաքական ֆինանսավորման վերահսկողության համադրելի ստանդարտներ և ձևակերպելով ապօրինի ակտիվների վերադարձի ու բռնագանձման իրավական ընթացակարգեր։ Սա ժողովրդավարական անվտանգության հենքն է և մեր պետականության կայունացման և ժողովրդավարության զարգացման ուղին»: