ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Պարզվում է՝ ՀԷՑ-ի առաջարկած՝ սակագնի հաշվարկի վերանայումը որի մասին ամպագոռգոռ հայտարարում էին «Մեր ձևով» շարժման առաջնորդները, ենթադրում էր հոսանքի սակագնի նվազեցում օգոստոսի 1-ից՝ ընդամենը 0.2 դրամով՝ 1 կՎտժ-ի համար: 20 լումայով !!!
Այս թիվը վերցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունից և արված է մասնագիտական հաշվարկների վրա: Եթե տոկոսային նայենք, ապա սակագնի նվազումը բոլոր սպառողների հաշվարկով կկազմեր ընդամենը 0.5-0.6%:
Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ «տիեզերական» օգուտ էր տալու այս փոփոխությունը մեր ժողովրդին, ասեմ, որ միջին հաշվով, յուրաքանչյուր ընտանիքի ամսական ծախսը կնվազեր ...40-ից 50 դրամով: Այո, չեք սխալվում՝ քառասունից հիսուն դրամով:
Լավ, միգուցե կասեք՝ ամսական 40-50 դրամն էլ է մեծ բան, ինչո՞ւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունել առաջարկը:
Բանն այն է, որ, ըստ ՀԾԿՀ-ի, օգոստոսի 1-ից սակագների չհիմնավորված նվազեցումը դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման։
Մասնագիտական դետալների մեջ (քանի գործոնով է պայմանավորված սակագնի հաշվարկը, ինչու չի կարելի մի քանի ամսվա արդյունքներով վերանայում անել), չեմ մտնի: Ոչ էլ քաղաքական գնահատականներ կտամ:
Ուղղակի կխնդրեմ կրկին հիշել 0.2 դրամը և համեմատել այն աղմուկի հետ, որն իրենց ձևով բարձրացրել են նորահայտ քաղաքական գործիչները»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն էր տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած՝ 2025 թվականի օգոստոսի 1-ից ընկերության սակագնային մարժայի վերանայման առաջարկի վերաբերյալ՝ նշելով, որ առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները