«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի ինքնիշխանության վերականգնման և տարածաշրջանային վերադասավորումների մեջ նոր սուբյեկտայնությամբ ներգրավվելու կենսական քայլ է։ Այսօր աշխարհաքաղաքական իրականությունը փոխվել է․ Թուրքիան և Հայաստանը, առանց միջնորդի, հաստատել են հարաբերություններ, ինչը ցույց է տալիս՝ արտաքին սպառնալիքի դոգման այլևս չի գործում։ Այդ պայմաններում Գյումրու 102-րդ ռազմաբազայի ներկայությունյ ոչ թե անվտանգային երաշխիք է, այլ Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի ազատության սահմանափակում։
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումն ու հաղորդակցության հաստատումը նվազեցնում են էսկալացիայի հավանականությունը, քանի դեռ տնտեսական շահերի խաչաձևումն աշխատում է կայունության օգտին։ Դիվանագիտական մակարդակում սա Հայաստանի վերականգնված սուբյեկտայնության ազդարարումն է՝ որպես տարածաշրջանային կապող օղակ։
Սա արժանապատվության և պատասխանատվության ընտրություն է․ կամ դառնում ենք բաց սահմաններով ինքնավստահ պետություն, կամ մնում փակ սահմանների ետևում՝ որպես օտարի հաշվարկներով պայմանավորված տարածք։ Ժամանակն է վերագծելու Հայաստանի տեղը քարտեզի վրա՝ որպես անկախ որոշում կայացնող պետություն, և ոչ կախյալ կայունության պատրանքով ապրող տարածք»։