Տեսակետ

Միջնադարում ե՞նք. Սաքունց

Միջնադարում ե՞նք. Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է.

«Մերձավանում իրականացվող ստորագրահավաքի հետ կապված, որով պահանջում են սպանության մեջ մեղադրվողի ընտանիքին վտարել համայնքից, անընդհատ անհանգիստ էի ու եմ:

Ինչպե՞ս բացատրել նման մոտեցման անթույլատրելիությունն ու անմարդկային, ի վերջո, հակաքաղաքակրթական լինելը:

Հիշեցի «Լեգենդ Նարայամայի մասին» ճապոնական ֆիլմը:

Մի էպիզոդ պատմեմ ֆիլմից:

Մի ընտանիքի հարսը գողություն է անում ամուսնու ընտանիքից, որպես պատիժ՝ աղջկա հայրական ողջ ընտանիքին այդ հարսի հետ ողջ-ողջ թաղում են:

Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ կոլեկտիվ պատիժ մի ամբողջ ընտանիքի հանդեպ, որի մի անդամը կատարել է ծանրագույն հանցագործություն:

Ամեն մարդ միայն իր կատարած հանցանքի համար պետք է պատիժ կրի, ոչ թե այդ հանցանքը չկատարած որևէ մեկ այլ անձ:

Միջնադարում ե՞նք։

Պետությունը, իշխանությունը, մարզպետարանը պետք է հանդիպեն մարդկանց, բացատրեն նման գործողության անթույլատրելիությունը: 

Միայն ոստիկանական ուժով անվտանգությունն ապահովել հնարավոր չէ:

Ի վերջո ոչ ոք երաշխիք չունի, որ իր ընտանիքի որևէ անդամ կամ հարազատ չի կատարի հանցանք: 

Հիմա ինչ, ամեն նման դեպքում ողջ ընտանիքին ու հարազատներին հեռացնելու՞ եք համայնքից, կամ ինքնադատաստա՞ն եք տեսնելու:

Պետական ինստիտուտները պետք է գործեն, ոչ թե միայն հետևեն ու վերջում արձագանքեն:

Անգամ ծանրագույն հանցագործություն կատարած անձին ազատազրկման վայրում պետք է երաշխավորել մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը, ուր մնաց՝ նրա հարազատներն էլ ենթարկվեն պատասխանատվության չարած հանցանքի համար:

Երբ արդարադատությունն ուշանում է նման դեպքերում, հետևանքները ծանր են լինում, բայց չի նշանակում, թե համայնքը պետք է կորցնի մարդկային կերպարը:

Ուշքի եկեք:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական