Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ի՞նչ է պանթուրքիզմը, ո՞վ է հիմնավորապես ծանոթ այդ գաղափարախոսությանը: Որևէ մեկը լրջորեն հավատու՞մ է, որ բոլոր թյուրքախոս ժողովուրդները կարող են միավորվել մեկ-միասնական պետական համակարգում:
Ետխորհրդային տարածքում թյուրքախոս են Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ղրղզստանը՝ ՌԴ ինքնավարությունները մի կողմ թողած: Հիմա 33 միլիոն բնակչություն ունեցող Ուզբեկստանը դառնալու է Թուրքիայի վիլայե՞թ: Նույնիսկ Ադրբեջանում են դեմ ինքնիշխանության կորստին և Թուրքիայի հետ միավորմանը:
Պանթյուրքիզմը և սիոնիզմը հակոտնյա են, պանթյուրքիզմը չունի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Չինաստանի աջակցությունը, այդ գաղափարախոսությանը դեմ է ամբողջ արաբական աշխարհը, Հնդակաստանը, Իրանը և Աֆղանստանը:
Հայաստանի համար պանթուրքիզմն էքզիստենցիալ սպառնալիք է մի դեպքում՝ եթե ռուս-թուրքական համապարփակ դաշինք ձևավորվի: Իսկ դա տեղի չի ունենա, քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:
Հայաստանը և նրա բարեկամները, եթե այդպիսիք կան, պետք է ամեն ինչ անեն, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի անդամ և մտնի Եվրամիություն»: