Տեսակետ

Փաշինյանի արձագանքը հնարավոր է գնահատել նույնիսկ սենսացիոն. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Օ Բրայանի հոդվածին: 

Փաշինյանի արձագանքը հնարավոր է գնահատել նույնիսկ սենսացիոն: Ինչպես հայտնի է, Օ Բրայանը հոդվածում գրել էր, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցածի հանրագումարում Հայաստանը խոցելի վիճակում է: 

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ Հայաստանը ավելի խոցելի վիճակում էր այն ժամանակ, երբ հարցով զբաղվում էր դեմոկրատական վարչակազմը, և Օ՛Բրայանը այդ վարչակազմի պետքարտուղարի տեղակալ էր: 

Սա սենսացիոն արձագանք է: Եթե համարենք, որ նա ընդամենը փորձում է դուր գալ Թրամպին՝ քննադատելով դեմոկրատներին, ինչպես անում է Իլհամ Ալիևը, դա էլ տարբերակ է, բայց Նիկոլ Փաշինյանը, կարծես, մի քիչ ավելի է ծավալվում՝ պարզապես Թրամպին դուր գալու համար:

Հետևաբար, տողատակում կա նաև այլ շերտ: Կարևոր է դիտարկել նրա հայտարարությունը, որ «Օ՛Բրայանը խնդիր ունի՝ բացատրելու այն, որ ինչ չկարողացան իրենք, կարողացավ Թրամպը»:

Փորձենք դիտարկել՝ իսկ ի՞նչն էր Թրամպի ու նախորդ վարչակազմի ֆունդամենտալ տարբերությունը, այդ թվում՝ նաև կովկասյան իրողությունների վրա տարածվող:

Ֆունդամենտալ տարբերությունն այն է, որ Թրամպը գործում է Ռուսաստանի հետ գործարքի գնալու, երկխոսության, պայմանավորվածության տրամաբանությամբ, իսկ նախորդ վարչակազմը Կովկասը դիտարկում էր Ռուսաստանի և Իրանի դեմ պլացդարմ և բաց տեքստով հայտարարում այդ մասին: 

Հետևաբար, այդ ֆունդամենտալ տարբերությունից էլ պետք է բխեր արդյունքի տարբերությունը: Ըստ իս, սա է Նիկոլ Փաշինյանի խոսքի տողատակում առանցքայինը, որ Թրամպի մոտ ինչ-որ բան է ստացվել, որովհետև նա այդ բանին փորձել է հասնել Ռուսաստանի հետ գործարքով, ոչ թե՝ այն Ռուսաստանի դեմ օգտագործելու համար»: