«Ազատություն» ռ/կ երևանյան բյուրոյի նախկին ղեկավար Հրաչ Մելքումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Իսկ հաշվե՞լ եք, թե արդեն քանի ամիս է սահմանին կանգնած զինվոր չի զոհվում, ջանները քոր է ընկել, խաղաղություն չի, բա ի՞նչ է։
Կեղծ հայրենասիրական զանգվածը ամեն ինչ արեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դեմ, Արցախի գլուխը կերան ու հիմա ընկել են Հայաստանի գլխի հետևից։
Խաղաղության դեմ այդ զանգվածի այսօրվա բալամուտը հիշեցնում է 2018-ի վերջերից մինչև 2019-ի կեսերն ընկած ժամանակահատվածը, երբ Ղարաբաղի հարցի լուծման ռեալ հնարավորություն էր բացվել՝ Փաշինյանը ժողովրդի վստահության մեծ քվե ուներ ու կարող էր գնալ այդ քայլին չվախենալով կորցնել պաշտոնը։
Երևանի ու Բաքվի միջև ռազմական գծով ուղիղ կապ էր հաստատվել, հրադադարի ռեժիմը երկար ժամանակ պահպանվում էր, ավելի քան կես տարի ոչ մի զոհ չկար, բայց Ղարաբաղում կտրուկ ավելացել էին «ինքնասպանությունների» դեպքերը։
Այդ ժամանակահատվածը շատերը չեն հիշում, չեն ցանկանում հիշել, դերձակ-լրագրողները Ղարաբաղի ու Հայաստանի «հայրենասերների» խոսքերը չեն կտրում, իրար չեն կարում, որ ամեն օր, ամեն ժամ, սանտիմետր առ սանտիմետր փակում էին հակամարտության կարգավորման բացված դուռը։ Ղարաբաղն ու Հայաստանը գժանոց էր դարձել, ինչքան քաղաքական ու փողոցային բոսյակ կար քարկոծում էին կարգավորման հնարավորությունը՝ վերելակի մեջ, վերելակի մոտ ծախում է Ղարաբաղը։ Ուժայիններին հանում էին քաղաքական ղեկավարության դեմ, բանակը կտրում իշխանություններից։ Ինչքան պաշտոնյա, դատավոր ու չինովնիկ կա մինչև վերջ կառչած մնացին իրենց աթոռներից, ինչքան կարողացան աղբի մեջ պահեցին երկիրը, սև սառոչկեքով դեբիլներ էին փողոցներով ֆռֆռում կոնֆլիկտներ հրահրում։
Ու այս ամենը կատարվում էր հակամարտության մեջ գտնվող երկրում, հակամարտություն, որի մասին 2016-ից հետո դժվար էր սառեցված ասելը։ Ոչ մի մեջբերում, ոչ մի նախադասություն չեք կարող ցույց տալ, ուր ասվեր թե Նիկոլ գնա կարգավորման, կանգնած ենք քո կողքին, իսկ հակառակը հարյուրներով, հազարներով կարող եք գտնել։ Նա էլ հետ կանգնեց, չծախեց Ղարաբաղը, ավելին ուզեց Ղարաբաղի համար ու վերջը տեսանք ինչ եղավ։ Թշնամին ինչքան պիտի հիմար լիներ, որ չօգտվեր Հայաստանի քաոսային իրավիճակից, մանավանդ որ արդեն ռազմական բացահայտ առավելություն ուներ։
Եթե նույնիսկ ադրբեջանագետ չեք, նրանց մամուլին չե՞ք հետևել, չե՞ք տեսել, թե պատերազմից հետո ինչ մտքեր կային, որ պետք է Հայաստանի մի քանի շրջաններ գրավել ու 25-30 տարի պահել օկուպացիայի տակ, որպես հայկական օկուպացիայի պատասխան ու վրեժխնդրություն։
Մոմ վառեք, որ Հայաստանի Հանրապետությունը իր ճանաչված սահմաններով մնում է ու հարաբերությունները կարգավորելու, զարգանալու հնարավորություն է ստանում։
2019-ին զարմանում էի ղարբաղցիների ու բանակում զինվոր ունեցող ծնողների վրա, որ ոտքի չկանգնեցին, չպաշտպանեցին խաղաղ կարգավորումը։
2026-ին զարմանում եմ խաղաղության դեմ հայաստանցիների խմբակի ու նորից բանակում զինվոր ունեցող ծնողների վրա, քանի որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է, կամ լոկալ բախումները, լարվածության պահպանումը։
Այսօր ոչ մի հետքայլ չպետք է կատարվի, որքան էլ բամբասեն, վարկաբեկեն, թե Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն են կատարվում։ Եթե իշխանությունը միշտ փորձելու է խուսափել մեղադրանքներից, հանրության դիտորդական խմբերը կարող են ուղիղ ասել՝ պարտված կողմը միշտ էլ հաղթողի պահանջներն է կատարում, հակառակը պարզապես չի լինում։ Կարո՞ղ է Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը ստորագրած ՀՅԴ-ն թուրքերի պահանջները չի կատարել։ Իրավիճակներին պետք է մի քիչ ռեալ նայել, սեղանին երկրորդ բոստանի հարցը չի դրված։
Խաղաղության դեմ ինչ էլ ասեն, ինչ սոուսով էլ մեղադրանքները մատուցեն, խաղաղության վերջնական հաստատումը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տնտեսական համագործակցությունն ու առևտուրը այլընտրանք չունի, հատկապես երբ դաշնակից կոչվածը ստոր դավաճան է»։