Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հրանտ Մաթևոսյանին հիշու՞մ եք, որ համալսարանի լեզվաբանության դասախոսին ծաղրում է. «Մեյեն ասաց, Վվեդինսկին ասաց, Աճառյանն ասաց, իսկ դու ի՞նչ ես ասում, դոցենտ Ախվերդյան» (տառակերների համար ասեմ, որ մեջբերում եմ միտքը, այն էլ՝ հիշողությամբ):
Հիմա դառնանք «մեր աչխարներին». ի՞նչ նշանակություն ունի՝ մեր խնդիրների հանդեպ ի՞նչ է տալիս անդրադարձը, թե ով, երբ և ինչ է ասել հայ ժողովրդի մասին: Մենք ղարաբաղյան շարժման թիկունքը մերկացրել ենք, երբ Կարեն Դեմիրճյանին Երևանում հեղինակազրկել ենք, Մոսկվայում՝ բանսարկել: Ես չեմ ասում, Միխայիլ Գորբաչովն է հուշերի գրքում վկայում, որ Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի հետ 1988թ. փետրվարի 26-ի՝ 45 րոպե տևած հանդիպման 15 րոպեն նվիրել են մի հարցի՝ Կարեն Դեմիրճյանը «պերեստրոյկայի՞», թե՞ «կոռումպացված լճացման դարաշարջանի» ջատագով է:
Շարժման ֆորմալ և ոչ ֆորմալ լիդերներին Կարեն Դեմիրճյանը խանգարում էր, պետք էր Սուրեն Հարությունյան ունենալ՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քարտուղար Վեզիրովի հետ Համ(լ)ԿԵՄ կենտկոմում համատեղ աշխատանքի «դպրոց» անցած: Բանաստեղծի ասած՝ թու՜հ, ինչքան բան կա կյանքում ատելի: Գոնե լռելու բարոյականություն ունենային»: