Հակոբ Բադալյանը, անդրադառնալով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ղեկին Եղիշե Մելիքյանի նշանակմանը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մի փոքր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի նշանակման մասին:
Միանգամից բոլորի ուշադրությունն է գրավել այն, որ մարզիչ է նշանակվել մարդ, որը մինչ այդ խիստ քննադատության է ենթարկել ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, ասելով, որ նրանք խոչընդոտում են հայկական ֆուտբոլի զարգացմանը:
Հիմա այդ մարդը պայմանավորվել է ֆեդերացիայի ղեկավարության հետ: Ցանկացած ողջախոհ մարդու մոտ առաջանում է հարց՝ ի՞նչ է պայմանավորվել: Եթե չլինեին Մելիքյանի սուր գնահատականները ՀՖՖ ղեկավարների հասցեին, այդ հարցը չէր առաջանա: Իսկ հիմա առաջանում է: Պատասխանը, թե հանուն հավաքականի մի կողմ են դրվել տարաձայնությունները, այդքան էլ համոզիչ չեն:
Եվ ինչու՞, օրինակ, քաղաքականության մեջ այդօրինակ բացատրությունները որևէ կերպ համոզիչ չեն, իսկ ֆուտբոլում կարող են լինել:
Ինքս բազմիցս խոսում եմ, որ մենք, որպես հանրություն, որպես պետություն, պետք է կարողանանք գալ համակեցության այնպիսի միջավայրի, որտեղ անկյունաքարերից մեկը պայմանավորվածությունների մշակույթի ձևավորումն է:
Բայց դա աներկբայորեն ենթադրում է հանրության համար առավելագույնս պարզ մատուցում, թե ինչի շուրջ է պայմանավորվածությունը, ինչպես է հանրությունը չափելու այդ պայմանավորվածությունները:
Տվյալ դեպքում, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հաղթանակներո՞վ, հաջողությա՞մբ, խաղո՞վ: Ինչո՞վ է չափվելու: Առավել ևս, երբ մարզչի հետ պայմանագիրը գործնականում մեկուկես տարով էլ չէ: Եղիշե Մելիքյանը պետք է հրա՞շք գործի այս հավաքականի հետ:
Մելիքյանն, իհարկե, «Փյունիկում» իր աշխատանքով ցույց է տվել, որ հմուտ մարզիչ է: Բայց, ի վերջո, Հայաստանի հավաքականում եղել են նաեւ այլ մարզիչներ՝ ոչ պակաս հմուտ, որոնք դարձել են քավության հերթական նոխազը: Մելիքյանի պարագայում առավել ևս պարզ է, որ նրա թեկնածության հարցում ֆեդերացիայի ղեկավարությունը նաև հաշվի է առել երկրպագուների դժգոհությունը իրենց նկատմամբ և Մելիքյանի դրական վարկանիշը, այդ կերպ փորձելով այս որոշմամբ Մելիքյանի վարկը իրենց համար օգտագործել որպես շանթարգել:
Եթե Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը, ինչպես իրենք են հավաստիացնում, որոշել է փոխել հավաքականի հանդեպ մոտեցումն ու անցնել տեղական մարզչական կազմի, ինչու՞ է նոր մարզչի հետ կնքում ընդամենը մեկ տարվա պայմանագիր, եթե անգամ ֆուտբոլից չհասկացող մարդու համար էլ պարզ է, որ Հայաստանի հավաքականի ներկայիս հնարավորությունները համեստ են, և իսկապես մրցունակ թիմ ստանալու համար պետք է երկարաժամկետ ռազմավարություն:
Իհարկե, բոլոր դեպքերում Մելիքյանին ու հավաքականին մաղթում ենք հաջողություն»: