«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Փաշինյանի այցն ԱՄՆ Հայաստանի նոր աշխարհաքաղաքական շրջադարձի փորձաքարն է։ Սա Հայաստանի ինքնիշխանության, արտաքին քաղաքականության և անվտանգության հայեցակարգի ճակատագրական ստուգարքն է՝ ռուսական վասալությունից դեպի ազատ, ինքնուրույն պետություն անցման ճանապարհին։
Ամերիկյան ռազմավարական գործընկերությունը Հայաստանին տալիս է այն, ինչ Ռուսաստանը երբեք չի ցանկացել և չի կարող տալ՝ անվտանգության հավաստի համակարգ, տնտեսական աճի հարթակ և ժողովրդավարության ամրապնդման հեռանկար։ Այլընտրանքը արդեն տեսել ենք՝ կապիտուլյացիաներ, պարտադրանքներ, տարածքային կորուստ և «դաշնակից», որը սեփական ռազմական ներկայությամբ վերածվել է վետոյի իրավունքի՝ զսպելու Հայաստանի ինքնիշխան որոշումները։
Եռակողմ հանդիպումը Թրամփի և Ալիևի հետ կարող է առիթ լինել՝ ձևավորելու խաղաղության նոր ճարտարապետություն, որտեղ Հայաստանը պարտադրվող «միջանցքի» կամ սահմանադրական փոփոխությունների փոխարեն հստակ պահում է իր ինքնիշխանության սահմանները։ Ցանկացած համաձայնություն պետք է բացառի տարածքային վերահսկողության զիջումը, ինչ կերպ էլ այն փաթեթավորվի։
Հայաստանն այլևս չի կարող տատանվել՝ մեր ընտրությունը պետք է լինի վճռական և միանշանակ - կամ վերադառնում ենք ռուսական կախվածության փակուղի՝ որպես վերահսկվող գուբերնիա, կամ կառուցում ազատ, ինքնիշխան և անվտանգ պետություն՝ որպես արևմտյան քաղաքակիրթ աշխարհի արժանապատիվ գործընկեր։ Այս ուղին կարող է լինել դժվար, սակայն միակն է, որ բացում է զարգացման, անվտանգության և պետականության պահպանման իրական հեռանկար։ Փաշինյանի այցի հաջողությունը կորոշի ոչ միայն նրա դիվանագիտական ճշգրտությունը, այլ նաև մեր, որպես հասարակություն, պետականություն կառուցելու կամքը»։