«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Գարրի Կասպարովն ու Գաբրիելիուս Լանդսբերգիսը իրենց համահեղինակած հոդվածում, որը հրապարակվել է երեկ Politico հանդեսում, հատուկ ընդգծում են՝ Հայաստանը, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ միասին, ժողովրդավարության պայքարի առաջնագծում է։ Նրանք նախազգուշացնում են՝ եթե Եվրամիությունը չառաջարկի այս երկրներին եվրոպական ապագայի հստակ, վստահելի և իրատեսական ուղի, ապա ժողովրդավարության թշնամիները այդ ճանապարհը կսահմանեն իրենց շահերով։
Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես մի երկիր, որի հասարակությունն ունի հստակ արևմտյան ինքնություն, որի քաղաքական ճակատագիրը կարող է վճռորոշ դեր ունենալ տարածաշրջանային կայունության և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար։ Հայաստանի վերաբերյալ ուղերձն այսպիսին է՝ «Հայաստանը մի երկիր է, որի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ նույնանում է արևմտյան քաղաքակրթության հետ։ Եվրամիությունը պարտավոր է Հայաստանին առաջարկել արժանահավատ եվրոպական հեռանկար, քանի որ հակառակ դեպքում՝ ավտորիտարիզմը կշարունակի տարածվել հենց այդտեղ, մեր թիկունքում»։
Կասպարովը և Լանդսբերգիսը փաստացի հայտարարում են՝ Հայաստանը եվրոպական մեծ քաղաքականության հարց է։ Այն այլևս հնարավոր չէ դիտարկել միայն նախկին խորհրդային տարածքի համատեքստում։ Հայաստանի հարցը դարձել է Եվրոպայի ապագայի հարց։
Այս վերլուծությունը հստակ ուղերձ է Հայաստանի քաղաքական էլիտային և քաղաքացիական հասարակությանը՝ երկիրը կանգնած է ընտրության առաջ, և այդ ընտրությունը ոչ թե Ռուսաստանի և Արևմուտքի միջև է, այլ՝ արժանապատվության և ստրկության, ժողովրդավարության և բռնապետության միջև»։