Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հիմնովին սխալ է, թե Հայաստանում երբևէ եղել է ոչմիթիզական իշխանություն: Փաստերն անողոք են. նախագահի պաշտոնն ստանձնելուց ոչ մեկ տարի հետո Ռոբերտ Քոչարյանը և նրա թիմը, այդ թվում՝ Ստեփանակերտում, համաձայնել են ԼՂ կարգավորման «ընդհանուր պետություն» տարբերակն ընդունել որպես բանակցությունների հիմք, որով ԼՂ շուրջ բոլոր տարածքները, Լաչինի միջանցքից բացի, պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում ճանաչվեր «հանրապետական տիպի պետական կազմավորում», փաստացի՝ ինքնավար հանրապետություն: Հետադարձ հայացքով գնահատելիս ավելի ու ավելի ես համոզվում, որ ոչմիթիզական պետական քաղաքականությունն ավելի արդյունավետ կլիներ, քան՝ դիվանագիտական «կեսհղիությունը», որ ընդհանուր գծերով հանգում էր «առևտրի». Հայաստանը վերադարձնում է ԼՂԻՄ-ից դուրս բոլոր տարածքները, եթե Ադրբեջանը ճանաչի...
Սկզբում ասում էին՝ «եթե ճանաչի ԼՂ անկախությունը», հետո ասացին՝ «եթե ճանաչի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը», վերջում ասացին՝ «եթե ճանաչի նրա ինքնորոշման իրավունքը»: Ադրբեջանը ոչինչ չճանաչեց, բացի պատերազմը: Այն, ինչից Հայաստանը երկու տասնամյակ փախչում էր, ինչպես սատանան՝ խունկից: Իսկ եթե ունենայինք կայուն, անհողդողդ, ոչմիթիզական արտաքին քաղաքականություն, ապա պատերազմը կլիներ, թերևս, 2010-11 թվականներին և հաստատ այլ ավարտ կունենար, քան եղավ 2020-ին: Այնպես որ, մարդկանց հաճելի վերագրումներ չի կարելի անել: «Հանձման մեխանիկան» գործի է դրվել 1998 թվականի իշխանափոխության հետ:
Հ.Գ. Ընդ որում, հարկ է հստակ ընդգծել, որ բանակցային այդ բուֆոնադան Հայաստանի պարագայում բացարձակապես հակասահմանադրական էր, որովհետև երկրի մայր օրենքի իմաստով «Արցախը Հայաստան է, և վերջ»»: