Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ արդեն մոտ տասը տարի է, ինչ աշուրայի օրվա առթիվ արգելված են զանգվածային երթերը, լացը, ողբը, ինքնախարազանումները: Պարզ գրված է՝ ով ուզում է այդ օրն արյուն կորցնել որպես իմամ Հուսեյնի հիշատակին հարգանքի տուրք, թող մտնի բժշկական հաստատություն և ինչքան կամենում է՝ արյուն հանձնի:
Իսկ այս տարի նույնիսկ կանանց արգելել են մզկիթ մտնել և ողբալ: Քանի՞ «հանճարեղ» դրամատուրգ, ռեժիսոր, սցենարիստ ունենք՝ թող ներկայացնեն Վարդավառի տոնախմբության արարողակարգ՝ մշակութային միջոցառումներով հանդերձ, կառավարությունը մրցույթով մեկը հաստատի, որպեսզի հաջորդ անգամ Հայաստանի մի քաղաքում էլ մեկի խելքին չփչի միացնի «Владимиркий централ» երգը:
Հ.Գ. Միայն թե չասեք՝ Վարդավառը եկեղեցական տոն է, պետությունն ի՞նչ գործ ունի նրա հետ: Լուսավորչից հազար տարի առաջ Վարդավառը համաժողովրդական տոն էր, որպես այդպիսին էլ մնացել է: Ոչ մի հայ այդ օրը մտքից չի անցկացնում, թե Քրիստոսն աշակերտների հետ լեռ է բարձրացել եւ քարոզ կարդացել»: