Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Կիլիկիո Կաթողիկոսարանը հայտնում է Արամ Առաջին Վեհափառի գահակալության 30-ամյակի կապակցությամբ Համայն ռուսիո Պատրիարք Կիրիլից ստացված շնորհավորական հատուկ նամակի մասին: Նամակում Պատիրարք Կիրիլը բնականաբար բարձր է գնահատում Արամ Առաջինի դերը թե հայ եկեղեցու կենսագործունեության, թե նաեւ միջազգային եկեղեցական ասպարեզում:
Հիշեցնեմ, որ Արամ Առաջինը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է:
Պատրիարք Կիրիլի շնորհավորական նամակը հատկապես այս փուլում, երբ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվում են պատմական նշանակության դրամատիկ զարգացումներ, թերեւս առաջացնում է տարբեր ընկալումներ:
Պատրիարք Կիրիլի հատուկ շնորհավորական նամակը բացի շնորհավորանքից պարունակե՞լ է նաեւ այլ ասպեկտներ կամ տողեր, գուցե տողատակեր, հնարավոր է ասել միայն այդ նամակին մանրամասն ծանոթ լինելու դեպքում:
Սակայն դրա հավանականությունն իհարկե շատ մեծ է: Այդ եզրակացության որոշակի նախադրյալներից մեկը կարելի է համարել դեռեւս մայիսին տեղի ունեցած մի ուշագրավ իրադարձություն, որը հայաստանյան մեդիամիջավայրում ուշադրության արժանացել է թերեւս միայն իմ տելեգրամյան ալիքում: Խոսքը մայիսի 12-ին Անթիլիասում կայացած մի հետաքրքիր հանդիպման մասին է: Այդ գրառումս հիշեցնում եմ վերեւում:
Մայիսի 12-ին Արամ Առաջինի հյուրն էին Լիբանանում ՌԴ դեսպանը, ու ինչը առավել ուշագրավ է՝ Սիրիայում ռուսական համայնքի ղեկավար Հայր Ֆիլիպը:
Իսկ Անթիլիասում այդ հանդիպումը տեղի ունեցավ Պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցից մի քանի օր անց: Կիրիլի այցը Բաքու մայիսի 3-ին էր: Հիշեցնեմ, այնտեղ նա պարգեւատրել էր նաեւ Մեհրիբան Ալիեւային:
Կրկնում եմ տեսակետս, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի լայն աշխարհաքաղաքական պրոցեսների ազդեցության գոտում գտնվող հարց է, որտեղ ըստ իս էական նշանակություն ունի այն պատմա-քաղաքական տրամաբանությամբ ներկայությունը, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի մերձավորարեւելյան ռեգիոնում»: