Տեսակետ

Հայաստանի անվտանգությունը չի կարող պաշտպանվել միայն սահմանային դիտորդական առաքելություններով․ Արման Բաբաջանյան


«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է․

«Հայաստանը կանգնած է արտաքին ճնշման նոր փուլի առաջ, որի գլխավոր նպատակը ոչ թե հարաբերությունների կարգավորումն է, այլ նրա ինստիտուցիոնալ դիմադրողականության կազմաքանդումը։ Նախօրեին հնչած տեքստերը որքան էլ ագրեսիվ և նվաստացնող, իրական վտանգ է միայն այն դեպքում, երբ դրան չի հաջորդում Հայաստանի գիտակցված, համակարգային, հետևողական աշխատանքը։

Այս փուլում Հայաստանի պատասխանը պետք է լինի խորքային ու բազմաշերտ պետական հակազդեցությունը՝ հիմնված իրավական, դիվանագիտական, անվտանգային և քաղաքական ճակատներում միաժամանակյա ակտիվացման վրա։

Հայաստանը պետք է առանց վարանելու ձևակերպի, որ միջանցքային տրամաբանությունը՝ անկախ նրանից, թե ինչ անվանում է ստանում, սպառնում է պետության և Սահմանադրության հիմքերին, խախտում է տարածքային ամբողջականությունը և հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին։

Պետք է նախաձեռնել Սահմանադրական դատարանի հատուկ խորհրդատվական եզրակացություն՝ միջանցքային առաջարկների հակասահմանադրական լինելու վերաբերյալ։ Սա ոչ միայն կկատարելագործի Հայաստանի դիրքերը միջազգային հարթակներում, այլև երկրի ներսում կսահմանի քաղաքական և իրավական կարմիր գծեր, որոնք այլևս չեն կարող շրջանցվել։
Հայաստանը պետք է միջազգային բոլոր հարթակներում՝ ԵՄ, ԵԽ, ՄԱԿ, ԵԱՀԿ, հրապարակի փաստաթղթերի և պահանջների իրավաքաղաքական վերլուծություններ՝ հիմնավորելով, որ երեկ հնչած մտքերը խաղաղության տրամաբանության մեջ չեն տեղավորվում, այլ հակառակը՝ սպառնալիք են միջազգային խաղաղությանը։

Սա անհրաժեշտ է ոչ թե բողոքելու, այլ նախադեպ ստեղծելու համար։ Հայաստանը պետք է հարցի քննարկման իրավական չափանիշները փոխի՝ «դիվանագիտական պրոցես» ընկալումից տեղափոխելով այն դեպի «ուժի սպառնալիքով ուղեկցվող միակողմանի պայմանների պարտադրման» դաշտ։ Սա անհրաժեշտ նախապայման է, որպեսզի առաջիկա զարգացումների դեպքում միջազգային իրավունքը լինի ոչ թե չեզոք դիտորդ, այլ՝ Հայաստանի դիվանագիտական և իրավական գործիքակազմի մաս։

Հակազդման առանցքային ուղղությունը պետք է լինի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ հետևողական գործընկերային և դաշնակցային աշխատանքը։ Այս երկրների հետ Հայաստանը պետք է անհապաղ մշակի կոորդինացված բազմաշերտ ռազմավարություն։

Դիվանագիտական աշխատանքը չպետք է սահմանափակվի միայն ԱԳՆ շրջանակներով։ Այն պետք է վերածվի ներպետական ամբողջական ջանքերի՝ ներգրավելով Սփյուռքը, փորձագիտական ցանցերը, լրատվամիջոցները, խորհրդարանական մակարդակի մշտական երկխոսությունը։

Բաքվի ամեն մի հայտարարություն պետք է ունենա իր արձագանքը ոչ միայն Երևանում, այլև Փարիզում, Վաշինգտոնում, Բրյուսելում, Բեռլինում, Դելիում և այլուր։
Պետք է անմիջապես ձևավորվի եվրոպական և ամերիկյան անվտանգային համագործակցության նոր օրակարգ։ Հայաստանի անվտանգությունը չի կարող պաշտպանվել միայն սահմանային դիտորդական առաքելություններով։ Հայաստանը պետք է առաջարկի երկարաժամկետ մանդատով անվտանգության աջակցման ծրագիր՝ ներառյալ սահմանների տեխնոլոգիական վերահսկման ընդլայնում, օդային դիտարկման համատեղ նախագծեր, թիրախավորված պաշտպանական ոլորտի վերակառուցում՝ արևմտյան փորձագետների ներգրավմամբ։

Անհրաժեշտ են կոնկրետ գործնական ծրագրեր, որոնք կզարգացնեն Հայաստանի ռազմավարական ներուժը։ Սա պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ ինստիտուցիոնալ աջակցություն՝ հստակ ձևակերպված ռիսկերի վերլուծության հիման վրա։

Պետք է քաղաքական և տնտեսական շրջանակներում Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը վերածել ոչ միայն ներդրումային հնարավորությունների, այլև անվտանգային սեկտորի վերակազմավորումից մինչև էներգետիկ ինքնաբավության հարցերի լուծման հարթակի։

Նույնը պետք է տեղի ունենա Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի հետ։ Հայաստանը պետք է բաց տեքստով ձևակերպի՝ ինչ է ակնկալում իր գործընկերներից՝ հստակ ներկայացնելով, թե ինչ է ինքը պատրաստ ներդնել տարածաշրջանի կայունության համար։ Քանի դեռ Հայաստանը հստակ չի սահմանում իր ակնկալիքներն ու պարտավորությունները, միջազգային որևէ աջակցություն չի կարող լինել երկարատև և վստահելի։

Հայաստանը պետք է ներսից ամրացնի իր քաղաքական, անվտանգային և իրավական միջավայրը։

Դիվանագիտությունը չի կարող գործել առանց ամուր պետական բազայի։ Այդ բազան ուժեղ պետական համակարգն է՝ ներքին համախմբմամբ, իր ինստիտուտներին վստահող հասարակությամբ և օրենքների վրա հիմնված կառույցներով։

Անհրաժեշտ է իրական հակազդեցություն հիբրիդային ազդեցության մեխանիզմներին՝ քաղաքական շրջանակների, մեդիայի և հոգևոր դաշտի մաքրում արտաքին կառավարմամբ շահագործվող ցանցերից։ Եթե այդ հարթակները վերածվեն իրական պետականության հենարանների, Հայաստանը կդիմակայի ոչ միայն Ալիևի սպառնալիքներին, այլև տարածաշրջանային ճնշումների խորացող տարափին։

Եվ վերջապես՝ Հայաստանը պետք է խոսի արժանապատիվ, սթափ և վճռական ձայնով։ Ոչ որպես զոհ, ոչ որպես գանգատվող պետություն, այլ՝ որպես պատասխանատու, ինքնիշխան դերակատար՝ իր արժեքների վրա կանգնած և իր ապագայի նկատմամբ հանձնառու։

Խաղաղությունը նվեր չէ։ Այն կառուցվում է՝ աշխատված ճշգրտությամբ, իրատեսությամբ և հաստատակամությամբ։ Հայաստանի դերը պետք է լինի ոչ թե ճնշումների զոհ, այլ՝ օրակարգ թելադրող կողմ։ Եվ հենց այդ դիրքից՝ համակարգված, խելամիտ և ուժեղ ռազմավարությամբ, Հայաստանը կարող է չեզոքացնել այն սպառնալիքը, որը երեկ հայկական Շուշիից հնչեց ոչ թե իբրև խոսք, այլ՝ իբրև նախազգուշացում»։