Տեսակետ

Լավրովի հայտարարությունը քաղաքական անբարոյականության դասական օրինակ է. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը՝ իբր ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, քաղաքական անբարոյականության դասական օրինակ է։ ՀԱՊԿ հարթակից հնչեցված այս «մտահոգությունը» ոչ միայն հակասում է պատմական ճշմարտությանը, այլև թիրախավորում է Հայաստանի ներքին ինքնիշխան գործընթացները։

Պետք է հստակ արձանագրել՝ պատմության մեջ հենց Ռուսաստանն է եղել այն պետությունը, որը համակարգված և մահաբեր հարվածներ է հասցրել Հայ եկեղեցուն։ Ցարական Ռուսաստանը 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած հետևողականորեն նվազեցրել է եկեղեցու ինքնիշխանությունը՝ վերածելով այն վարչական կառույցի։ Հայրապետների ընտրությունը դարձել էր Պետերբուրգի համաձայնությամբ կատարվող ձևական գործընթաց։ Էջմիածնի Սուրբ Սինոդը գործում էր ցարական հսկողությամբ։

Խորհրդային Ռուսաստանը շարունակեց այս քաղաքականությունը՝ այն վերածելով պետական բռնաճնշման ամբողջական համակարգի։ Մինչև 1938 թվականը ավելի քան 150 հայ հոգևորական գնդակահարվեց կամ աքսորվեց։ Հարյուրավոր եկեղեցիներ փակվեցին, ավերվեցին կամ վերածվեցին ֆերմաների, պահեստների և բանտերի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահպանվեց միայն որպես խորհրդանշական հաստատություն՝ ԿԳԲ-ի մշտական հսկողության ներքո։ Այս ամբողջ ժառանգությունը թողած պետության խոսքը եկեղեցու «անհիմն հալածանքի» մասին՝ բարոյական ցինիզմ է։

Այն նույն ՀԱՊԿ-ը, որի հարթակից այսօր հնչում է այս կեղծ հռետորաբանությունը, որևէ գործողություն չձեռնարկեց, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում։ ՀԱՊԿ-ը լռեց, երբ Հայաստանի սահմանամերձ գյուղերը ռմբակոծվեցին, երբ Հայաստանի զինծառայողները սպանվեցին, երբ պաշտոնապես գործարկվեց ՀԱՊԿ կանոնադրության օգնության մեխանիզմը։ Ոչ մի զորախումբ չուղարկվեց, ոչ մի քաղաքական կամ ռազմական աջակցություն չստացվեց։ Այսօր այդ նույն կառույցն ու նրան ղեկավարող պետությունը հանկարծ որոշել են պաշտպանել մեր եկեղեցին։ Ումի՞ց։ Հայաստանի քաղաքացիներից, Հայաստանի օրինական իշխանությունից, Հայաստանի հանրային հաշվետու պետականությունից։

Հայաստանի իշխանությունները պետք է այս ամենին արձագանքեն կոշտ և հստակ։ Հայաստանը պետք է պահանջի, որ ՀԱՊԿ-ը և նրա անդամները բացառեն որևէ ձևով միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Իսկ այս միջամտությունները դադարեցնելու միակ գործնական լուծումը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն է։ Այլևս անհնար է պահել անդամակցությունը մի կառույցում, որը լուռ դիտում է մեր երկրի սահմանների խախտումը, բայց ակտիվանում է, երբ խոսքը վերաբերում է իր ներգործության գործիքները պաշտպանելուն։

Այս իրավիճակի համար մեղքի բաժինը Հայաստանինն է։ Կիսատ-պռատ արտաքին քաղաքական կեցվածքը, ՀԱՊԿ անդամակցությունը «սառեցնելու» անվստահ որոշումը, ռազմավարական որոշումների հետաձգումը հենց այն դուռն են, որով շարունակաբար ներխուժում են արտաքին միջամտությունները։ Անհապաղ անհրաժեշտ է հստակ, սուվերեն և վճռական որոշում՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից և միանշանակ ամրագրել Հայաստանի անվտանգային դաշնակցային շրջադարձը՝ Եվրոպական միության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Իրանի և տարածաշրջանային այլ վստահելի գործընկերների ուղղությամբ։

Հայաստանը պետք է սկսի իր պետությունն ու եկեղեցին պաշտպանել ինքը՝ առանց դրսի խրատների, առանց ռուսական դասերի, առանց մեսիաների։ Ոչ ոք չի կարող մեզ սովորեցնել, թե ինչպես ապրել հավատքով, արժանապատվությամբ և օրենքով։ Ոչ մի օտար ուժ չի կարող թելադրել մեզ, թե ինչպես խոսել մեր եկեղեցու, մեր սահմանների, մեր երկրի մասին։

Հայաստանն անկախ պետություն է։ Եվ հենց անկախության պաշտպանությունն է այս պահին մեր ամենամեծ քաղաքական և բարոյական պարտավորությունը»։