Տեսակետ

«Ռուսաստանում տեղի ունեցած երկու՝ խորքային առումով փոխկապակցված դեպքերը արժանի են քաղաքական գնահատականի»

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

Վերջին մի քանի շաբաթներին Ռուսաստանում տեղի ունեցած երկու առերևույթ տարբեր, սակայն խորքային առումով փոխկապակցված դեպքերը արժանի են խորը և սկզբունքային քաղաքական գնահատականի։ Դրանք ոչ միայն ի ցույց են դնում ազգային անվտանգության ընկալման տարբերությունները, այլև՝ պետական ու հանրային արժանապատվության տարբեր մակարդակները։

Հունիսի 27-ին Եկատերինբուրգում Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից իրականացված լայնածավալ գործողության արդյունքում զոհվել են Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ, և ևս մի քանիսը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել 20 տարի առաջվա սպանության գործով իրականացվող գործողությունների շրջանակում։ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը մի քանի ժամվա ընթացքում հանդես եկավ կոշտ արձագանքով՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել «անթույլատրելի բռնություն»։ Բաքվում հրատապ կարգով կանչվեց Ռուսաստանի դեսպանը՝ բացատրություն տալու նպատակով։

Պաշտոնական ուղերձում Ադրբեջանի ԱԳՆ–ն շեշտեց, որ զոհվել են իրենց հայրենակիցները, պահանջեց մանրամասն քննություն, մեղավորների պատասխանատվություն և հստակ քայլեր՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ Դրան զուգահեռ չեղարկվեց փոխվարչապետ Օվերչուկի այցը Բաքու։

Միջոցառումների այս համալիրը գոնե երկու հստակ նպատակ ուներ՝ առաջին՝ ցուցադրել, որ Ադրբեջանի պետական համակարգը պաշտպանում է իր քաղաքացիներին անկախ երկրի սահմաններից դուրս գտնվելու հանգամանքից, երկրորդ՝ ճնշում գործադրել Ռուսաստանի քաղաքական ու իրավապահ համակարգերի վրա՝ թույլ չտալու իրավիճակի անվերահսկելի զարգացում։

Մեկ ամիս առաջ՝ մայիսի 4-ին, Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքում տեղի ունեցավ առավել ծանր և առերևույթ հանցավորությամբ, կազմակերպվածությամբ և ռասիստական շարժառիթներով համակված դեպք։ Նեոնացիստական «Русская община» խմբավորման անդամները ներխուժել են բնակարան, որտեղ բնակվում էին Հայաստանի երկու քաղաքացիներ։ Ինքնակոչ ոստիկանների անվան տակ գործող անձինք կոտրել են դուռը, կիրառել գազ և էլեկտրաշոկային սարքեր, բռնություն գործադրել 37-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո հրկիզել բնակարանը։ Տղամարդը զոհվել է։ 24-ամյա աղջիկը՝ ծանր վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակումից հետո տարածքում հայտնաբերվել են «Русская община»-ի տարբերանշանով հագուստով անձինք, ինչը փաստում է՝ գործ ունենք կազմակերպված և կանխամտածված, ազգային հատկանիշով պայմանավորված սպանության հետ։

Սակայն ի տարբերություն Ադրբեջանի արձագանքի՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական մարմինները ոչ մի հրապարակային և բովանդակային արձագանքով հանդես չեն եկել։ Արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն չդիմեց Ռուսաստանի իշխանություններին, այլ նույնիսկ չհրապարակեց ցավակցական ուղերձ։ Դեպքից օրեր անց Հայաստան այցելեցին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Որևէ հանդիպման, որևէ հանրային ելույթի կամ մամլո հաղորդագրության մեջ այս ծանր հանցագործության մասին որևէ հիշատակում չեղավ։ Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, արտգործնախարարը, դեսպանատունը պահպանեցին անընդունելի և քաղաքական առումով վտանգավոր լռություն։

Լռեցին նաև Ռուսաստանի հայ համայնքային կառույցները՝ ներառյալ Ռուսաստանի հայերի միությունը, որն, իբր, պետք է առաջին հերթին արձագանքեր համայնքի նկատմամբ ուղղված կազմակերպված հարձակմանը։

Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի միջոցով, չհնչեցրեց որևէ աղոթք, գնահատական կամ հոգեհանգիտս՝ ի տարբերություն այն դեպքերի, երբ հանդես է գալիս Հայաստանի ներքին քաղաքական բնույթի հրապարակային հայտարարություններով։

Երկու իրադարձության համեմատությունը անընդունելի է ոչ միայն պետական վարքագծի մակարդակով, այլև ազգային ինքնագիտակցության տեսանկյունից։ Ադրբեջանի արձագանքը եղավ արագ, կտրուկ և համակարգված՝ ընդգրկելով պետական մակարդակի պահանջ, դեսպանի կանչ, պաշտոնական այցի չեղարկում և հստակ մեղադրական լեզու։ Հայաստանի վարքագիծը՝ լռություն, պաշտոնական արձագանքի բացակայություն, համայնքի կողմից ամոթալի անտարբերություն և նույնիսկ ՌԴ պաշտոնյաների բարձր մակարդակով ընդունում՝ առանց որևէ հիշատակման տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ։

Այս ամենը ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության հարց է, այլ պետական արժեքային համակարգի։ Եթե պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիներին երկրի սահմաններից դուրս, ապա ինքն իրեն զրկում է պետական լինելու իմաստից։ Եթե Եկեղեցին չի արձագանքում իր համայնքի նկատմամբ ուղղված բռնությանը, ապա նրա բարոյական մանդատն է խարխլվում։ Եթե համայնքը լուռ է, ապա հանցագործը իրավացի է զգում իրեն։

Հայաստանը պետք է անհապաղ պահանջի Ռուսաստանի Դաշնությունից՝
• լիարժեք և թափանցիկ քրեական քննություն,
• հանցագործության քաղաքական և ռասիստական շարժառիթների պարզում,
• մեղավորների պատասխանատվության ենթարկում,
• և Ռուսաստանի տարածքում հայ համայնքի անվտանգության ապահովման ուղղությամբ պետական երաշխիքների ներկայացում։

Այս պահանջները ձևակերպելու և առաջ տանելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետական մեքենայի արթնացում, այլ ամբողջական հանրային ճնշում այստեղ Հայաստանում և Ռուսաստանում։

Լռությունը սպառնում է դառնալ համաձայնություն։ Իսկ համաձայնությունը հանցակցություն է։ Դրանից անդին պետություն չկա։