Տեսակետ

«Խալաթյանի հարցին Զախարովան պատասխանեց ցինիկ մանիպուլյացիայով»․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչու Ռուսաստանը չի արձագանքում Արցախի տարածքում հուշարձանների, այդ թվում՝ Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանների ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանում է ակնառու, պրիմիտիվ և ցինիկ մանիպուլյացիայով:

Մասնավորապես, Զախարովան ասում է, թե «այդ կապակցությամբ աշխատում են ադրբեջանցի գործընկերների հետ», ու միաժամանակ հարցը շրջում, թե՝ իսկ ինչու՞ է ձեզ դա հետաքրքրում, իսկ, օրինակ, Եվրոպայում նույնատիպ հուշարձանների ոչնչացումը՝ ոչ:

Զախարովան, անշուշտ, իրեն ու իր գերատեսչությանը բնորոշ ամպլուայի մեջ է: Նրա «շրջած» հարցի պատասխանը պարզ է: Եվրոպայում հուշարձանների քանդման վերաբերյալ իրեն հարց չի ուղղվում, որովհետև Ռուսաստանը շատ կոշտ է արձագանքում այդ երևույթին, տալիս կոշտ գնահատականներ: Իսկ Արցախում ադրբեջանական պաշտոնական վանդալիզմի մասին հարց ուղղվում է, որովհետեւ Արցախում այդ հուշարձանների ոչնչացման հանդեպ Ռուսաստանում քար լռություն է: Այն դեպքում, երբ, օրինակ, եթե Եվրոպայում որևէ թռչուն անգամ ինչ-որ բան անի որևէ հուշարձանի վրա, Զախարովան կարձագանքի արագ և հատու:

Իհարկե, նրան ուղղված այդ հարցերն ունեն հռետորական բնույթ: Այլ պատասխան սպասելու իմաստ էլ չկա: 

Պարզապես այս հանգամանքը ուշադրության է արժանի այն համատեքստում, երբ Հայաստանում խոսակցություն է ծավալվում, թե Ռուսաստանին Արցախում Փաշինյանն է դրել «փակուղու» առաջ՝ Պրահայով:

Այո, Փաշինյանը Ռուսաստանին տվել է այդ առիթը, տվել է ալիբին՝ բացատրել այն, ինչ արեցին Արցախում: Այդ իմաստով, Փաշինյանը Պրահայում, գուցե, ծառայություն է մատուցել Ռուսաստանին՝ բացատրելու այն, ինչ Պրահայից դեռևս մի քանի ամիս առաջ Մոսկվան պայմանավորվել էր Բաքվի հետ Կրեմլում՝ 2022թ․ փետրվարի 22-ին:

Իլհամ Ալիևը, որ երկու և ավելի աթոռների վրա նստելու հմտություն ունի, հենց այնպես չէր հասնի Մոսկվան և Ուկրաինայի դեմ պատերազմից երկու օր առաջ դաշնակցային հռչակագիր չէր ստորագրի Մոսկվայի հետ, որը մի քանի որ անց ենթարկվելու էր արևմտյան «բանադրման»»: