Տեսակետ

Կուսակցություն փոխելը, բեղ պահելն ու մազեր ներկելը չեն փրկելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մի քանի խորհուրդ տամ.

1. Բոլոր այն անհատները, ովքեր ներգրավված են կամ կլինեն ներգրավված Քոչարյանի կամ Սերժի թիմի մեջ` քաղաքական ապագա չեն կարող ունենալ, այդ ուժերն անցյալի ուժեր են և քաղաքական դաշտի դինոզավրերն են: Երբ մի օր ՀՀ-ն նոր իշխանություն կունենա` դա էլ հաստատ այս շրջանակներից չի լինելու: Կուսակցություն փոխելը, բեղ պահելն ու մազեր ներկելը չեն փրկելու:
2. Մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս, և բոլոր այն եկեղեցականները, անհատները, ովքեր այսօր իրենց «էշի տեղ են դնում» ու խոսում բարձր արժեքներից, սրբություններից, նույնիսկ տիեզերքից, որպեսզի հանկարծ չպատասխանեն այն հարցին, թե արդյոք քեռակինը կամ երեխան ընդունելի՞ են կուսակրոնության համար և փորձում պաշտպանել անպաշտպանելիին, հայտնվելու են նոր իրողության առաջ կամ հեռանալու են հնի հետ: Լավ է` լռե՛ք։
3. Ընդդիմությունը գերազանցել է բոլոր սպասումները` կրկնելով նախկին տասնամյակների սխալների, գործողությունների ցիկլը, և իշխանությունը, պոպկորնը ձեռքին, շարունակում է հետևել իմպիչմենտներին, անընտրելի վարչապետներին և ագահությունից ու կատաղությունից կուրացածների մրցավազքին: (տե՛ս կետ 1 )
4. Եթե Սուրբ Էջմիածնում որոշներին թվում է, որ «քարանձավներ մտնել մինչև անցնի վտանգը» մարտավարությունը բան է փոխելու, սխալվում եք։ Եթե նույն շրջանակներում մարդ կա, ում թվում է, որ անօրինական գործողություններ անելը լուծում է լինելու և ինչ-որ մեկի սև հագուստը իրեն ազատելու է օրենքի առաջ պատասխանատվությունից, էլ ավելի շատ է սխալվում: Ուստի, որքան արագ առերեսվեք իրականությանը, այնքան բոլորիդ հեշտ կլինի:
5. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. դա ձեր աշխատավարձով ապրող լրագրողները չեն, մեզանից պաշտոն չստացած և նոր պաշտոն ակնկալողները չեն, ձեր ծնունդներին ձեզ կեղծավորություն անող կենաց խմողները չեն, ֆեյսբուքում Ռուսաստանից ու Ամերիկայից անգրագետ բաներ գրող մորքուրներն ու քեռիները չեն: Դա մեր արևի տակ ապրող, աշխատող ու բոլորիդ մեզանից լավ իմացող, իմաստուն հայ ժողովուրդն է: Թե իշխանություն եք ուզում` գնացեք ժողովրդի մոտ. թե կարող եք` գնացեք ժողովրդի մոտ»։