«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Կիևի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու վերջին հայտարարությունը Ռուսաստանի քաղաքականության աննախադեպ բացահայտում է։ Նրա խոսքը պարզ ու շիտակ խոստովանություն է. Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանն առաջնորդվել է ոչ թե իրավունքի կամ դաշնակցային պարտավորությունների տրամաբանությամբ, այլ միմիայն սեփական կայսերական շահերով և աշխարհաքաղաքական հաշվարկներով։
«Մենք չենք ցանկանում, որ առաջանա նոր Ղարաբաղ, որը ոչ ոքի կողմից չի ճանաչվել»։
Մեդինսկու խոսքն ամբողջությամբ բացահայտում է Կրեմլի վերաբերմունքը ոչ միայն Արցախի, այլև ընդհանրապես ինքնավարության ձգտող ցանկացած տարածքի նկատմամբ։ Մեդինսկին փաստում է, որ Արցախի գոյությունը՝ որպես չճանաչված, բայց ինքնակառավարվող հայկական միավոր, սկզբունքորեն անընդունելի է Ռուսաստանի համար։ Արցախի գոյությունն ինքնին ընկալվել է որպես վտանգ՝ նախադեպ, որը կարող էր կրկնվել այլ վայրերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Հետևաբար՝ այն ոչ թե պետք է պաշտպանվեր, այլ՝ վերացվեր։
Մեդինսկու խոսքերը վկայում են, որ Արցախը ոչ թե պարզապես զոհ գնաց ադրբեջանա-թուրքական ագրեսիային կամ միջազգային անտարբերությանը, այլ կանխամտածված կերպով դուրս բերվեց պատմությունից՝ Ռուսաստանի որոշմամբ։ Դեռևս մինչև 2020-ի պատերազմը, Արցախը Մոսկվայում դիտարկվել է որպես խանգարող հանգամանք՝ Կրեմլի նոր ռազմավարական դասավորության մեջ, որի առանցքում ուկրաինական արշավն էր և դրա հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքները։
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի նախադեպը որպես «միջուկային պատերազմի» հավանական պատճառ, Մեդինսկին փորձում է Արցախն օտարացնել ողջ հայ ժողովրդի պատմական հիշողությունից ու արժանապատվությունից։ Բայց իրականում նրա խոսքը ոչ թե նախազգուշացում է, այլ դատավճիռ։ Արցախի ոչնչացումը՝ Մոսկվայի համաձայնությամբ և առերևույթ չեզոքությամբ, եղել է գիտակցված գին՝ որը Ռուսաստանը վճարել է իր թուրքական ու ադրբեջանական գործընկերների վստահությունը ձեռք բերելու համար։
Ավելին՝ Մեդինսկու «խաղաղության» և «նոր տարածքների ճանաչման» մասին ձևակերպումներն ակնհայտորեն վկայում են, որ Կրեմլի ընկալմամբ խաղաղությունը ոչ թե արդարության վերականգնում է կամ ժողովրդի կամքի ճանաչում, այլ՝ ուժով գրաված տարածքների օրինականացում։ Երբ Ռուսաստանը խոսում է խաղաղության մասին, նա իրականում նկատի ունի վերահսկողության հաստատում, նվաճածի պահպանություն և ճնշման շարունակություն։ Արցախի դեպքում նրանց համար խաղաղության միակ ճանապարհը նրա վերացումն էր։ Կրեմլի մտապատկերում դա հետևյալ կերպ է ձևակերպվում՝ «Եթե չկա Ղարաբաղ, չկա պատերազմ»։
Մեդինսկու խոսքը փաստում է երեք առանցքային իրողություն։ Առաջինը՝ Ռուսաստանը երբևէ չի ընկալել Արցախը որպես արժեք, որ պետք է պաշտպանել, այլ դիտարկել է այն բացառապես որպես իր շահերին խանգարող ռազմավարական արգելք։ Երկրորդ՝ Արցախի կործանումը եղել է նախապես մշակված, սառը հաշվարկով կայացված որոշում, այլ ոչ թե անխուսափելի կամ պարտադրված զիջում։ Եվ երրորդ՝ Ռուսաստանը չի հանդուրժում աշխարհում այնպիսի նախադեպեր, երբ ժողովուրդները ձգտում են ինքնուրույն կյանք կառուցել՝ առանց իր թելադրանքի։ Արցախի դեպքում այդ նախադեպը պարզապես վերացվեց։
Սա պատասխան է այն հարցին, որը տարիներ շարունակ դիտավորյալ շրջանառվում էր հանրային դաշտում՝ շփոթեցնելու, մոլորեցնելու, պատմական պատասխանատվությունից խուսափելու համար. «ո՞վ հանձնեց Արցախը»։ Մեդինսկին այսօր դրա վրա դրել է կնիքը։ Արցախը հանձնվել է ոչ թե պատերազմի ելքով, ոչ թե Հայաստանի պարտությամբ, այլ Կրեմլի հաշվարկներով։ Որոշումն ընդունվել է Մոսկվայում՝ ոչ թե Ղարաբաղը թողնելու, այլ այն Թուրքիային փոխանցելու նպատակով։
Եվ եթե դեռ որևէ մեկին ձեռք է նման դաշնակից, թող այս խոսքերը կարդա այնքան, մինչև հասկանա՝ դաշնակիցը նա է, ով կիսում է քո վտանգը, ոչ թե նա, ով քեզ օգտագործում է իր վտանգը մարսելու համար։
Մեդինսկու խոստովանությունը պատմական փաստաթուղթ է՝ ոչ միայն ճշմարտության բացահայտում, այլ քաղաքական դատավճիռ։ Արցախը ոչ թե պարտվեց, այլ ոչնչացվեց Ռուսաստանի կողմից, որպեսզի երբեք ու որևէ տեղ աշխարհում չծնվի մի նոր Ղարաբաղ՝ մի նոր ժողովուրդ, որը կհամարձակվի ապրել ազատ, ինքնուրույն, առանց Կրեմլի խնամակալության»: