Տեսակետ

Իմ քաղաքական «ապահարզանը» Տեր-Պետրոսյանի հետ սկզբունքային էր

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կարող եմ չհամաձայնել։ Կարող եմ քննադատել, մերժել, անընդունելի համարել։ Բայց նույնիսկ քաղաքական խորը տարաձայնությունների պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ շարունակելու եմ տածել անսակարկելի հարգանք։ Որովհետև այդ հարգանքը միայն անցյալի հանդեպ պարտք չէ՝ դա վերաբերմունք է մտածողության, մտքի, դիրքի և պետության գաղափարի նկատմամբ։

Իմ քաղաքական «ապահարզանը» Տեր-Պետրոսյանի հետ սկզբունքային էր։ Ես չէի կարող համակերպվել այն հանգամանքի հետ, որ նա պատրաստ էր քաղաքական դաշինք ձևավորել Մարտի 1-ի հանցագործությանը մասնակից ուժի հետ։ Դա ինձ համար եղել է ու մնում է կարմիր գիծ։ Այստեղ վարանելու, շրջանցելու, մոռացության տալու ոչ մի տարածք չկա։

Ես Հայաստանից մեկնել եմ 1998-ին՝ այն պահին, երբ Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, և այն միասնությունը, որ ձևավորվել էր Կարեն Դեմիրճյանի շուրջ, չհասավ հաղթանակի։ Իսկ վերադարձել եմ 2006-ին՝ ԱՄՆ-ից՝ հավատալով, որ Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանություն կարող է նորովի ձևակերպել մեր պետականության հեռանկարը։ Երբ 2009-ին, երկարատև հիվանդությունից հետո ազատվեցի բանտից, Տեր-Պետրոսյանն առաջինն էր, որ լուռ, առանց որևէ ցուցադրականության, այցելեց ինձ տուն։ Ես դա երբեք չեմ մոռանա:

Մենք հիմնադիր նախագահի հետ այսօր տարբեր բևեռներում ենք։ Մեր պատկերացումները Հայաստանի ապագայի, անվտանգության, զարգացման մոդելի մասին խորապես տարբերվում են։ Բայց կա մի բան, որի մեջ չեմ երկմտել երբեք՝ հայ քաղաքական միտքը դեռ չի հաղթահարել Տեր-Պետրոսյանի սահմանած մտավոր նշաձողը։ Նա մնում է վերականգնված պետականության ամենանշանակալի պետական գործիչը։ Այս մասին լռելն անհարգալից է ոչ թե անձի, այլ՝ պատմության հանդեպ։

Հատուկ հարգանքի է արժանի նաև նրա երեկվա այցը Մայր Աթոռ։ Գիտեմ՝ Տեր-Պետրոսյանն ի սկզբանե ունեցել է խոր վերապահումներ Վեհափառի հանդեպ։ Գիտեմ՝ Վեհափառն էլ չի թաքցրել իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Բայց երբ երկու այդքան հակադիր մարդիկ որոշում են հանդիպել՝ դա արդեն արժանի է ամենաբարձր հարգանքի։

Ես մնում եմ ընդդիմադիր Տեր-Պետրոսյանի քաղաքական գծին։ Բայց նույն վճռականությամբ մնում եմ նաև այն համոզմանը, որ հողի վրա արմատ ունեցած պետությունները չեն կառուցվում ատելության, մոռացության կամ լռության վրա։ Քաղաքական մշակույթը սկսվում է ոչ թե տարբերությունը ջնջելուց, այլ՝ տարբերության մեջ հարգանքը պահելու, հիշողությունը չնսեմացնելու կարողությունից։ Դա է պետության հոգևոր հիմքը»։