Տեսակետ

Հոգևոր միասնությունը մնաց չլուծված դաշնակցության դիմադրության պատճառով. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վազգեն Ա կաթողիկոսի և դաշնակցության միջև ձևավորված հակասությունները շարունակվեցին հատկապես երկու առանցքային տարածքներում՝ Լիբանանում և Երուսաղեմում, որտեղ ՀՅԴ-ն ուներ սերտ ներգրավվածություն համայնքային կյանքում։ Լիբանանը, լինելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նստավայրը, միաժամանակ նաև դաշնակցության ազդեցության ամենախիտ կենտրոններից մեկն էր։ Վազգեն Ա-ն, արդեն որպես Ամենայն հայոց կաթողիկոս, երկար տարիներ չէր կարողանում մուտք գործել Լիբանան։ ՀՅԴ-ի և Անթիլիասի դիրքորոշումն այն էր, որ Վազգեն Ա-ն չի կարող համարվել բացառիկ և գերակա հոգևոր առաջնորդ, քանի դեռ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն առանձին իրավունքներով գործում է սփյուռքում։ ՀՅԴ-ն կազմակերպում էր ցուցադրական բողոքի ակցիաներ, հրապարակային դիմադրություն և բացահայտ մերժում, իսկ նրա լրատվամիջոցներն ընդգծված կերպով Վազգեն Ա-ին ներկայացնում էին որպես խորհրդային իշխանություններին սպասարկող գործիչ։

Լիբանանի իշխանությունների և որոշ միջազգային միջնորդների ճնշմամբ միայն 1970-ականների վերջին կաթողիկոսին թույլատրվեց այցելել Լիբանան՝ շատ սահմանափակ ձևաչափով։ Անթիլիաս այցելություն տեղի չունեցավ։ Սա ցուցիչ էր, որ Վազգեն Ա-ի համահայկական հոգևոր առաքելությունն այդ տարիներին մնում էր կիսակատար, քանի որ դաշնակցական վերահսկողության ներքո գտնվող կենտրոնները նրա լիազորությունները չէին ճանաչում։

Նմանատիպ իրավիճակ էր ձևավորվել նաև Երուսաղեմում, որտեղ Հայոց պատրիարքարանը, թեև կանոնակարգով ենթակա էր Ամենայն հայոց կաթողիկոսին, գործնականում փաստացի ինքնավարությամբ էր գործում։ Երուսաղեմի պատրիարքության ներքին վերնախավը՝ Եղիշե Դուրյանի առաջնորդությամբ, սերտ կապեր ուներ դաշնակցության հետ և չէր խրախուսում ակտիվ շփում Մայր Աթոռի հետ։ Վազգեն Ա-ի՝ Երուսաղեմ այցելության ժամանակներից մեկի ընթացքում նույնիսկ եղան դեպքեր, երբ պատրիարքարանը չմասնակցեց պաշտոնական արարողություններին, իսկ որոշ ծիսակարգեր բոյկոտվեցին։

Մայր Աթոռից ուղարկված պատվիրակությունները պատրիարքության ներսում դիմավորեցին սառը վերաբերմունքով։ Այս ամենը ոչ միայն ընդգծում էր ՀՅԴ-ի ազդեցությունը սփյուռքի հոգևոր կենտրոններում, այլ նաև վկայում, թե որքան խորն էր քաղաքականությունն արմատավորված եկեղեցական կառուցվածքում։ Վազգեն Ա-ն, լինելով համախմբող և ապաքաղաքական գործիչ, իր ամբողջ կաթողիկոսության ընթացքում փորձեց վերականգնել համահայկական հոգևոր միասնությունը, սակայն այդ ջանքերը մնացին չլուծված՝ հենց դաշնակցության համակարգված դիմադրության պատճառով»։