Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Ստամբուլում այսօր սպասվում է ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը:
Այդ հանդիպման «շեմին» եղավ Ուկրաինայի՝ անօդաչուներով հարվածը ՌԴ ստրատեգիական ավիացիային: Շարքից դուրս է եկել մի քանի ռմբակոծիչ: Ինչ աստիճանի են վնասվածքները՝ վերականգնելի, թե ոչ, դժվար է ասել: Ուկրաինական կողմը խոսում է մոտ 4 տասնյակ ոչնչացնելու մասին, ռուսները՝ մի քանի օդանավի վնասվածքի:
Անկասկած է, որ հարվածողները հակված են չափազանցնել հարվածի արդյունքը, իսկ հարված ստացողները՝ նվազեցնել հետևանքը: Ըստ այդմ, թե մեկի, թե մյուսի հայտարարությունները հավաստի չեն և տեղեկատվական պատերազմի մաս են:
Ընդհանուր առմամբ, ըստ իս, ստրատեգիական ավիացիային հարվածը ինքնին ավելի շուտ տեղեկատվական պատերազմի գործողություն է, քան բուն պատերազմի: Այո, վնաս է հասցված հակառակորդի սպառազինությանը, այն էլ՝ ռազմավարական նշանակության ավիացիային, բայց նաև անկասկած է, որ մարտադաշտում ուժերի հարաբերակցությունն ու պատկերը դրանից չի փոխվի: Իսկ մարտադաշտում տեղի է ունենում ռուսական զինուժի առաջխաղացում:
Ուկրաինական զինուժի դրությունն իսկապես բարդ է, ինչի վկայություն է նախօրեին Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարի հրաժարականը:
Վերադառնալով ուկրաինական հարվածին, անկասկած է, որ դա տեղի է ունեցել այլ հատուկ ծառայությունների օժանդակությամբ: Ենթադրում եմ՝ խոսքը բրիտանացիների մասին է:
Ընդ որում, այդ ֆոնին տեղի է ունեցել Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցը, որի վերաբերյալ ռուսական հաղորդագրության մեջ կա ուշագրավ ձևակերպում՝ «Ռուբիոն անկեղծ ցավակցություն է հայտնել»: Իհարկե, դա վերաբերում է Բրյանսկում գնացքի միջադեպին, երբ կամրջի պայթյունի հետևանքով գնացքը շրջվել է, եղել են զոհեր ու վիրավորներ, բայց «անկեղծ ցավակցություն» ձևակերպումը, որ կիրառել է ռուսական կողմը, հուշում է, որ Մոսկվան «հավատում» է ԱՄՆ անմասն լինելուն:
Գնացքի միջադեպն ինքնին էական է, դրան կանդրադառնամ առանձին:
Այս առնչությամբ նշեմ միայն, որ ռուսական ստրատեգիական ավիացիային հարվածը զգալիորեն բրիտանական օպերացիա է, բնականաբար, ուկրաինական «փաթեթավորումով»: Օպերացիա, որը գործնականում նախապատրաստվելով ամիսներ և իրականացվելով Ստամբուլից առաջ, ունի նպատակ «փակուղի» ստեղծել ստամբուլյան բանակցության համար:
Շատ մեծ հնչեղություն ստացած ակցիան մի կողմից «ոգևորություն» և նշաձողերի բարձրացում է ենթադրում Կիևի համար, մյուս կողմից՝ ստացված հնչեղ ապտակը առավել կկոշտացնի Ռուսաստանի մոտեցումները:
Ռուբիոյի հեռախոսազանգը միտված է ռուս-ամերիկյան խոսակցությունը «պահելուն»:
Ուկրաինական հանածոների պայմանագրից հետո ԱՄՆ-ն զգալիորեն «նահանջել» է ուկրաինական հարցում «խաղաղարարի» մոտիվացիոն դիրքերից՝ նախ հասկանալով դրա բարդությունը, երկրորդ, բեռն աստիճանաբար տեղափոխելով Եվրոպայի վրա»: