Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանի գրառումն իհարկե բորբոքել է հանրությանը: Սակայն, ինչպես թերևս միշտ, հանրային ուշադրությունը կենտրոնանում է ոչ այնտեղ, որտեղ էականն է: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի առավել էական գրառումը այն չէ, ինչ առավոտից քննարկում է հանրությունը:
Ահա վարչապետ Փաշինյանի առավել էական գրառումը. «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։
Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։
Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»:
Սա գրառում է Հայաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջից: Եվ ինչու՞ եմ հենց այս գրառումը համարում առավել էական: Որովհետեւ, նա փաստացի դրանով բարձրաձայնում է, որ կարող է լինել եկեղեցականների կյանքի քննություն, կարող են ի հայտ գալ այդ կյանքի տհաճ մանրամասներ, եւ ավելին՝ սա ըստ էության կարող է լինել կոմպրոմատային զգուշացում եկեղեցականներին:
Սա է ըստ էության էականը, որ նախընտրական տարում քաղաքական իշխանությունն ըստ էության նոր աստիճանի է բարձրացնում ՀԱԵ ղեկավարության հետ դիմակայությունը, ու ըստ էության՝ կոմպրոմատային աստիճանի:
Այս ամենը թերեւս վկայում է մի բանի մասին՝ նախընտրական այս պրոցեսում հանրությանը սպասում է կամ շատ մասշտաբային մի թատրոն, կամ հանրությունը կլինի ականատես ու մասնակից ներքին պայքարի ավելի խորը եւ ավելի անգութ դրսեւորումների, որոնք ունեն ֆունդամենտալ շարժառիթներ»: