Տեսակետ

Սա մանր դեպք չէ, այլ թիրախավորված սադրանք. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն։ Սա մանր դեպք չէ, այլ թիրախավորված սադրանք՝ հստակ քաղաքական համատեքստով։

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարն, առանց փաստացի հիմքի, հայտարարեց Սյունիքում լարվածության մասին։ Երբ Սյունիքում լարվածություն չկար, դրա մասին հրապարակային ազդարարելը պատահականություն չէր։ Դա ուղերձ էր։ Ավելի ճիշտ՝ հրահանգ։ Այդ հայտարարությամբ Մոսկվան բացեց ճանապարհ նոր էսկալացիայի համար՝ վերածելով Սյունիքը ճնշման գործիքի Հայաստանի նկատմամբ։

Այդ հայտարարությունից մեկ օր անց արձանագրված գնդակոծությունը ոչ միայն հաստատում է ռուսական շղթայի գործողությունը, այլև վկայում՝ կրակն արձակվում է ոչ միայն Բաքվից, այլև նախևառաջ, Մոսկվայի կաբինետներից։ Ռուսաստանը կրկին վերադարձել է իր ստուգված սցենարին. սկզբում հայտարարում է «լարվածության» մասին, ապա ստանձնում «խաղաղարար» դեր՝ այն դեպքում, երբ հենց ինքը և իր գործակից Ադրբեջանն են այդ լարվածության հեղինակները։
Արցախում այս մեխանիզմը տեսել ենք հստակ։

Հայաստանը չպետք է թույլ տա, որ Սյունիքը դառնա ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական սակարկության թիրախ։
ՀՀ զինված ուժերը, միջազգային դաշնակիցների աջակցությամբ, պարտավոր են բացառել Սյունիքի որևէ հատվածի վերածումը օտար ռազմական մանևրների տարածքի։
Սյունիքում ոչ թե լարվածություն կա, այլ լարվածության ներմուծման փորձ՝ Ռուսաստանի սցենարով, Ադրբեջանի ձեռամբ։ Հայաստանը պարտավոր է բարձրաձայնել այդ սցենարը՝ մերկացնելով դրա հեղինակներին և կանխելով դրա իրականացումը»։