Տեսակետ

«Էյնշտեյնը ճիշտ էր». Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գրել է.

««Երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը․ ես դեռ լիովին վստահ չեմ տիեզերքի հարցում»․ Ալբերտ Էյնշտեյն

Ինչպես ամեն տարի, սահմանված ժամկետում ներկայացրել եմ տարեկան հայտարարագիրս, որը դառնում է հրապարակային փաստաթուղթ։ Նույնը արել եմ վերջին յոթ տարում՝ հայտարարագրելով ամեն ինչ՝ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, եկամուտներ, ծախսեր, մի խոսքով՝ օրենքի տառին համապատասխան։

Երեկ մի «ԶԼՄ» հայտնաբերել է հայտարարագիրս, կարծես թե ես այն գաղտնի էի լրացրել, և «բացահայտել», որ անշարժ գույքի տողում ավելացում կա։ Սակայն, հավանաբար դպրոցում նորմալ չսովորելու պատճառով, նա և հետագայում այդ «սենսացիան» տարածողները չեն կարողացել կարդալ ու հասկանալ, որ ես նոր բնակարան չեմ ձեռք բերել։ Պարզապես, վերջին մի քանի տարիներին իմ կողմից կառուցվող սեփական տունը ստացել է կադաստրային պետական գրանցում՝ կրկին օրենքի տառին համապատասխան։ Իսկ նշված գումարը կառուցման վրա ծախսված ընդհանուր գումարն է, որն ամբողջությամբ տեղավորվում է մեր օրինական եկամուտների շրջանակում, որոնք նույնպես հրապարակված են։

Ի դեպ, այս տարվա սկզբին մի հերթական «բացահայտում» այդ տան վերաբերյալ արել էր իրեն ԶԼՄ կոչող մեկ այլ կայք, որին ի պատասխան արձագանքել էի՝ ասելով, որ սպասեք հայտարարագրիս։

Ամփոփելով՝ կասեմ, որ Էյնշտեյնը ճիշտ էր»։