ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Թերևս շատերը գիտեն (արդեն), որ, ի թիվս հարյուրավոր այլ բարեխիղճ գնորդների, ես նույնպես հանդիսանում եմ մարդ, որը գնման իրավունքով, վարկով բնակարան է ձեռք բերել, մինչ այժմ չունի սեփականության վկայական և սպասում է այս հարցի հանգուցալուծմանը:
Հաշվի առնելով ԱԺ պատգամավորի կարգավիճակս՝ անգամ հրապարակային չեմ էլ խոսել այս գործընթացի, խնդիրների ու ռիսկերի մասին, որպեսզի դա չընկալվեր որպես դիրքի չարաշահում կամ որևէ այլ կերպ չմեկնաբանվեր:
Չնայած դրան, բնականաբար, ոչ միայն հետևել ու տեղյակ եմ եղել խնդիրներին, այլ նաև կառավարության և այլ մարմինների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Ոչ թե այն պատճառով, որ խնդիրն առնչվում է կոնկրետ ինձ, այլ որովհետև խոսքը վերաբերում է հարյուրավոր գնորդների, և այս դեպքում ռիսկերը չկառավարելը և խնդիրն անտեսելը կարող է դոմինոյի էֆեկտ և բացասական ազդեցություն ունենալ ընդհանրապես գնման իրավունքով անշարժ գույք ձեռք բերելու գործընթացի վրա:
Ասեմ, որ վերջին 1-2 տարվա ընթացքում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք պիտի չեզոքացնեն նման իրավիճակների առաջացման ռիսկերը: Որոշ կարգավորումներ էլ առաջիկայում կընդունվեն՝ բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանելու համար:
Այդ օրենքները կոնկրետ այս դեպքին չեն կարող վերաբերել, սակայն կառավարությունն ինտենսիվ զբաղվում է հարցի լուծմամբ: Իհարկե, իր հնարավորությունների և իրավունքների սահմաններում, մանավանդ, հաշվի առնելով, որ գործ ունենք սնանկության գործընթացի հետ:
Մինչ այդ ընդամենը մի բան կասեմ՝ որպես քաղաքացի և որպես ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ պատգամավոր:
Ճիշտ է՝ ներկայումս իրավական պրոցեսներ են ընթանում, սակայն, անկախ ամեն ինչից, ցանկացած իրեն հարգող գործարարի ամենամեծ կապիտալը գործարար համբավն է և վստահությունը: Միամտություն է կարծել, որ մանավանդ այսօր՝ ինֆորմացիայի արագ տարածման ժամանակաշրջանում, հնարավոր է անպատասխանատու վարքագիծ, անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների ու գործընկերների նկատմամբ ու շարունակել հաջողությամբ աշխատել նույն կամ այլ ոլորտներում: Լինի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների, բիզնես գործընկերների թե պետական մարմինների հետ՝ հաշվի է առնվելու նախկին գործունեությունը, իսկ դա անհնար է քողարկել, այն էլ՝ Հայաստանի նման փոքր երկրում:
Համոզված եմ՝ կառուցապատող ընկերությունը (և դրա սեփականատերերը) այս ամենը շատ լավ հասկանում են: Նաև կարծում եմ, որ նրանք դեռ չեն կորցրել ամեն ինչ շտկելու և ներկա ու ապագա գնորդների վստահությունը վերականգնելու հնարավորությունը: Դրա համար շատ բան պետք չէ. պարզապես պետք է հիշել՝ ինչ են խոստացել իրենց գրասենյակ այցելած մարդկանց (այդ թվում՝ ինձ), և տեր կանգնեն իրենց խոստումներին՝ ձեռնպահ մնալով տարբեր պատրվակներով ու սողանցքներ օգտագործելով մարդկանց ինչ-ինչ պայմաններ թելադրել փորձելու պրակտիկայից»: