Տեսակետ

Իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ հակառակը. Դանիել Իոաննիսյանը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է.

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, իրենց տարատեսակ խնդիրներով հանդերձ, փորձում էին նվազեցնել կամ կառավարել Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած լծակները: Մեկի մոտ ստացվում էր, մյուսի մոտ՝ ոչ այդքան, երրորդի մոտ՝ կարող էր ընդհանրապես խիարը թարս աճել: Բայց երեքն էլ, ակնհայտորեն, քիչ թե շատ փորձում էին դա անել:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ հակառակը: Նա ամեն ինչ անում էր, որ Հայաստանի կախվածությունը միմիայն խորանա: Օրինակ, ինչպե՞ս կարող էր Քոչարյանը թույլ տալ, որ Իրան-Հայաստան գազատարն ունենար 1200 մմ տրամագիծ, չէ՞ որ այդպես Հայաստանի համար ռուսական գազին այլընտրանք կհայտնվեր:

Քոչարյանը այժմ էլ է դա անում: Օրինակ, քննադատելով հայկական բանակի հրետանու՝ ռուսական 152 մմ տրամաչափից անցումը համաշխարհային 155 մմ տրամաչափին: Ո՞նց կարող է նա չքննադատել մի բան, որի արդյունքում մենք կկարողանանք հրետանի ու արկ գնելու հարցում ազատվել ռուսական մենաշնորհից ու ունենալ լայն ընտրանի՝ Կորեայից ու Հնդկաստանից մինչև Ֆրանսիա ու ԱՄՆ:

Հ.Գ. Առհասարակ, բոլոր նրանք, ովքեր ասում են, որ մենք ենք Ռուսաստանին «դավաճանել»` 2022 թ. հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, ուզում են, որ հանրությունը մոռանա, որ դրանից մի ամիս առաջ՝ 2022 թ. սեպտեմբերին, Ադրբեջանը, Ռուսաստանի քաղաքական աջակցությամբ ու լռելյան համաձայնությամբ, հարձակվել էր Հայաստանի վրա: Այդ փաստը մոռացության տվողները՝ Քոչարյանի գլխավորությամբ, Ռուսաստանի շահերի ներկայացուցիչներ են»: