Տեսակետ

Դուք ո՞վ եք, պարոն դեսպան. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսաստանի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված նամակում անցնում է ընդունելի բոլոր սահմանները՝ իրեն իրավունք վերապահելով միջամտել Հայաստանի ներքին գործերին և հրապարակային կերպով դատապարտել Արծրուն Հովհաննիսյանի արտահայտած տեսակետը՝ այն որակելով որպես «ֆաշիզմի արդարացում»։

Դուք ո՞վ եք, պարոն դեսպան։

Դուք այն պետության ներկայացուցիչն եք, որը 2020-ից ի վեր անմիջական դերակատարություն է ունեցել Արցախի հայաթափման գործընթացում։ 2020-ի նոյեմբերին ռուսական խաղաղապահ ուժերը մտան Արցախ՝ երաշխավորելու բնակչության անվտանգությունը։ Սակայն ընդամենը երեք տարվա ընթացքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ հարձակում, որի ժամանակ ռուսական կողմը ոչինչ չձեռնարկեց՝ հանցակից դառնալով այդ հարձակմանը:

Այդ օրվա տվյալներով՝ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությամբ իրականացվեց հայության զանգվածային տեղահանություն, և ընդամենը մեկ շաբաթում ավելի քան 100․000 արցախահայեր ստիպված եղան լքել իրենց հայրենի հողը։ Սա զանգվածային էթնիկ զտում էր՝ ձեր անմիջական համաձայնությամբ։

Դուք ներկայացնում եք մի երկիր, որի լռությամբ Արցախի տարածքում ոչնչացվեցին, ձեր կարծիքով, Հայրենական մեծ պատերազմին նվիրված տասնյակ հուշարձաններ՝ այդ թվում՝ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի շրջաններում տեղադրված հուշաքարերը։ Շուշիում ադրբեջանցիները կոտրեցին և քանդեցին 1941-1945 թվականների պատերազմի նվիրյալների անուններով հուշարձանային ցուցանակները։ Այդ պատերազմին Արցախից մասնակցել էր ավելի քան 45․000 մարդ, որոնցից 22․000-ը չի վերադարձել, իսկ մոտ մեկ տասնյակ արցախցի արժանացել էր Խորհրդային Միության հերոսի կոչման, այդ թվում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, մարշալ Բաբաջանյանը, որոնք ծնվել են Չարդախլու գյուղում։

Ի՞նչ պատահեց ձեր հարգանքին նրանց նկատմամբ, երբ նրանց հայրենիքում խաչքարերն էին ոչնչացվում, գերեզմանները պղծվում, հուշարձանները վերացվում։ Ո՞րտեղ էր ձեր ձայնը։

Դուք ներկայացնում եք մի երկիր, որը 2021-ի մայիսից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի ուղղություններով իրականացված ադրբեջանական ներխուժումների ժամանակ չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները՝ չարձագանքելով ՀԱՊԿ-ի կանոնադրության խախտմանը։ Ձեր պետության արձագանքը եղել է՝ «սահմաններ հստակ գծված չեն»։

Եվ հիմա, այն բանից հետո, երբ դուք լռեցիք հայության դեմ կիրառված բռնության, տեղահանման, սրբության պղծման, պատմության ոչնչացման պահերին, համարձակվում եք հրապարակային նամակով խոսել մեր հասարակության արժեքներից, հիշողությունից ու համոզմունքներից։

Ոչ։ Դուք ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ պատմական իրավունք չունեք՝ գնահատել մեզ։

Դուք ներկայացնում եք մի երկիր, որը հարձակման պահին լռում է, իսկ խաղաղության պահին մեզ դաս տալիս։

Ճշմարտության իրավունքը մերն է։ Իսկ դուք մի՛ խառնվեք»։