«Հանուն հարնապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մայիսի 4-ին Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքում տեղի ունեցավ աղմկահարույց և ողբերգական միջադեպ, որը չի կարող անտարբեր թողնել որևէ մտածող մարդու։ Ըստ պաշտոնական տվյալների և մամուլի հրապարակումների, նեոնացիստական «Русская община» շարժման անդամները ներխուժել են բնակարան, որտեղ գտնվել է 37-ամյա Հայաստանի քաղաքացի։ Նրանց գործողությունների ընթացքում տեղի է ունեցել ծեծ, բռնություն և հրդեհ, որի հետևանքով հայ տղամարդը զոհվել է, իսկ 24-ամյա աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հաղորդագրությունների համաձայն՝ հարձակվողները ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ, կոտրել են դուռը, կիրառել գազ և էլեկտրաշոկային սարքեր, այնուհետև փորձել են ներխուժել սենյակ, որտեղ ապաստանած են եղել բնակիչները։ Հրդեհից հետո շենքում հայտնաբերվել են «Русская община»-ի տարբերանշաններով հագուստով անձինք, ինչը վկայում է հանցագործության կազմակերպված և կանխամտածված բնույթի մասին։
Հայաստանը պարտավոր է հստակ արձագանքել և ոչ մի դեպքում չբավարարվել լուռ դիտորդի դերով։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է անհապաղ դիմի Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով դեպքի ամբողջական և թափանցիկ քննություն, մեղավորների պատասխանատվության ենթարկում և կոնկրետ միջոցառումներ՝ հայ համայնքի անվտանգության ապահովման համար։ Սա ազգային անվտանգության հարց է և չի կարող սահմանափակվել արարողակարգային արձագանքով։
Ռուսաստանի հայ համայնքը պարտավոր է հանդես գալ արժանապատիվ և միասնական դիրքորոշմամբ՝ պահանջելով ոչ միայն արդարություն, այլ նաև Ռուսաստանի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումների գործունեության դադարեցում։ Հանրային պահանջի ձևավորումը և հետևողական վերահսկողությունը պետք է դառնան օրակարգի առաջնահերթություն։
Հայ Առաքելական Եկեղեցին, հատկապես՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, չի կարող մնալ լուռ։ Հասարակությունն ակնկալում է հստակ ու հրապարակային դատապարտում:
Այս ողբերգական դեպքը հստակ հիշեցում է, որ մեր քաղաքացիների պաշտպանությունը չի կարող թողնվել պատահականության կամ այլոց բարի կամքի վրա։ Պետությունը, համայնքը և եկեղեցին պետք է գործեն միասնական, վճռական և առանց հապաղելու»։