Տեսակետ

«Այստեղ տեղին է «դասականի» խոսքը՝ «իյա, իրո՞ք». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Ինչպես «հանրային անգիտության» վրա կատարվող տեղեկատվական հաշվարկ է այն, թե Նոր Նորքի միջադեպը «Բուչայի համար սադրանք էր», նույն «հանրային անգիտության» վրա արվող տեղեկատվական հաշվարկ է, թե իշխանությունը «գողացավ» ավագանու անդամին:

Այստեղ տեղին է «դասականի» խոսքը՝ «իյա, իրո՞ք»:

Հարգելի ընդդիմադիր ուժեր․ եթե չեք կարողանում մեկ մանդատ պահել, չեք կարողանում, հասնելով իշխանության հանդեպ քանակական առավելության, պահել այդ առավելությունը, ինչպե՞ս եք հանրությանը մեծ-մեծ հավաստիացումներ անում, թե իշխանության օրերը հաշված են:

Թող չհնչի կոպիտ, բայց ընդդիմադիր ուժերի «ատամներն են հաշված»՝ ավելի, քան իշխանության «օրերը»: Իսկ, եթե իշխանության «օրերն էլ հաշված» են, հարգելի ընդդիմադիրներ, դարձյալ ներեցեք, բայց հաշվողը հաստատ դուք չեք:

Չի կարող որևէ իշխանության օրեր հաշվել մի ընդդիմություն, որն ի վիճակի չէ հաշվել ու պահել իր մանդատները: Առավել ևս, որ խոսքը հազարների մասին չէ, այլ ընդամենը մի քանի տասնյակ սկզբունքային ու «անվաճառ» ներկայացուցիչ ապահովելու:

Հիշու՞մ եք՝ «ռեժիմը խուճապի մեջ է» թևավոր խոսքը, որ ընդդիմության կարգախոս էր դարձել 12-13 տարի առաջ: Այն ժամանակ «տիտղոսային ընդդիմությունը» իր համակիրներին պարբերական ռեժիմով հավաստիացնում էր, թե «ռեժիմը խուճապի մեջ է»:

Տրամաբանությունը չի փոխվում, և Հայաստանում ընդդիմադիր խոսույթը շարունակում է հասցեագրված մնալ հիմնականում պարզունակ մտածողության դաշտին, ինչպես, ի դեպ, իշխանության խոսույթը»: