Տեսակետ

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չհերքեց շարքային գործակալի կարգավիճակի մասին իմ գնահատականը. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջում գրում է.

«Տեսա, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ շարքային գործակալի կարգավիճակի մասին իմ գնահատականը: Իրոք, դժվար է դա հերքել, երբ գործարաններդ տալիս ես ուրիշին, երբ կապը տալիս ես ուրիշին, երբ գազամուղն Իրանից փոքրացնում ես ու տալիս ես ուրիշին, երբ ուրիշն է քեզ ասում՝ մտի քաղաքականության մեջ ու դու իրենից ես «դաբրո» ստանում՝ մտնելու քաղաքականություն, հետո խնդրում, որ դուրս գաս, հետո շատ նուրբ ասում, որ կարելի է Հայաստանի Հանրապետությունը դարձնել միութենական պետության փոքր մաս, հետո ասում, որ 44-օրյա պատերազմի մեղավորները հայերն են»:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է»։