Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ո՞վ, ո՞ր օրենքն է ինֆոմոջահեդներին իրավունք տվել, որ փողոցում տարեց կնոջը կանգնեցնեն, «բանավեճ» սադրեն և տեսանկարահանեն։ Վահագն Ալեքսանյանի մայրիկը քաղաքական գործի՞չ է, պետական պաշտոնյա՞ է, հանրային դե՞մք է։ Եթե մի րոպե ընդունենք, որ նրա որդին, որպես ՔՊ խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի թիմակից, քառասունչորսօրյա պատերազմի հետևանքների համար պատասխանատու է, ապա միևնույն է՝ նրա մայրը մեղավոր չէ։
Սա ի՞նչ վայրենություն է։ Այս երկրում վարսահարդարն անգամ մասնագիտական արտոնագիր է ստանում ու նոր «սափրիչի մը խանութ» բացում, իսկ առավոտ վաղ արթնացած ամեն մի լածիրակ «լրագրող է, հանրային շահերի պաշտպան»։ Վաղը մեկն էլ իրենց մայրերին փողոցում կանգնեցնելու է և երեսներին շպպացնելու է, որ իր զավակը ծախու գրչակ է, ծախու գրչակ է, ծախու գրչակ է և պետք է հեռանա ժուռնալիստիկայից, որովհետև և մարդկանց է տեռորի ենթարկում, և «խայտառակում ռեսպուբլիկան»»։