«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանի դեմ ալիևյան ատելության արշավին այսօր հերթական անգամ միացավ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա վերջին պնդումը, թե իբր 44-օրյա պատերազմը Հայաստանն է սկսել, ոչ միայն պատմական խեղաթյուրում է, այլ բացահայտ դավաճանություն՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի շահերի։
Միջազգային բոլոր փաստաթղթերը, հայտարարությունները և արձանագրությունները հաստատում են այս անառարկելի ճշմարտությունը։ Եվրոպական Միության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ պետությունների արտգործնախարարություններ այն ժամանակ դատապարտեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը ևս արձանագրեց ռազմական գործողությունների նախաձեռնող կողմի՝ Ադրբեջանի պատասխանատվությունը։
Ադրբեջանի հարձակումն ուղեկցվեց Թուրքիայի անմիջական աջակցությամբ՝ Սիրիայից բերված վարձկանների ներգրավմամբ, թուրքական ռազմաօդային ուժերի մասնակցությամբ և ժամանակակից բարձր տեխնոլոգիական զինատեսակների կիրառմամբ։ Սա կանխամտածված ռազմական արշավ էր՝ տարածաշրջանային ուժերի համատեղ ծրագրավորմամբ։
Հրաժարվելով սեփական պետության, սեփական ժողովրդի պատմական ճշմարտությունից, Քոչարյանը, փաստորեն, կրկնում է թշնամական Բաքվի, Անկարայի և Մոսկվայի քարոզչական թեզերը։ Ավելին՝ նա դա անում է մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի միջազգային դիրքերն առանց այդ էլ մեծ ճնշման տակ են։
Քոչարյանի այս պնդումը բացարձակապես չի համապատասխանում ոչ միայն փաստերին, այլև պատմական իրականությանը։ Այն նույն Քոչարյանը, որը տարիներ շարունակ սեփական անվտանգությունը կառուցում էր կոռուպցիայի և ուժային կառույցների կեղծ կայունության վրա, հիմա մեղադրում է իր ժողովրդին պատերազմի սանձազերծման, հրահրման մեջ՝ արդարացնելով Ադրբեջանին, որն իրականում վայելում էր և վայելում է ռուսական անթաքույց աջակցությունը։
Եթե որևէ մեկը այսօր փորձում է այս փաստը կասկածի տակ դնել, ապա նա կանգնած է Ադրբեջանի և Թուրքիայի կողքին։ Մենք պարտավոր ենք հստակ արձանագրել.
- 44-օրյա պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, օգնել է Թուրքիան։
- Հայաստանը և Արցախն իրականացրին պաշտպանական գործողություններ՝ միջազգային իրավունքի լիարժեք համապատասխանությամբ։
- Ռոբերտ Քոչարյանի նման պնդումները ծառայում են միայն Հայաստանի թուլացմանը և թշնամու շահերին։
Սա միայն քաղաքական անպատասխանատվություն չէ։ Սա ազգային շահի բացահայտ դավաճանություն է։ Եվ սա արդեն չի կարող մնալ անպատասխան»։