Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Իրանի նախագահի՝ Ադրբեջան այցի ծրագրում կատարվել են փոփոխություններ․ այցը «սեղմվել» է ու կտևի ընդամենը մեկ օր: Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի ղեկավար Սանահին հայտնել է, որ Բանդեր Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանդեպ անձնական հսկողության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Մասուդ Փեզեշկիանի՝ Ադրբեջան այցը ժամանակացույցը կկրճատվի:
Ենթադրվում է, որ նախատեսվում էր երկօրյա այց, սակայն Փեզեշկիանը չի գիշերի Բաքվում:
Իհարկե, իրանական կողմը մանրամասներ դեռ չի հայտնում, թե հատկապես ինչ ծրագրեր են կրճատվել:
Սակայն ինքնին փաստն ուշագրավ է, առավել ևս, բացատրության համատեքստում՝ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի դեպքի անձնական հսկողության անհրաժեշտություն:
Սա, ավելի շուտ, թվում է տեխնիկական առիթ, քան՝ բուն պատճառ: Ի վերջո, Մասուդ Փեզեշկիանի անձնական հսկողության արդյունավետությունն ինչո՞վ էր տուժելու, եթե նկատի առնենք, որ խոսքն ավելի երկար ժամանակ պահանջող քննության մասին է: Զուտ տեխնիկական առումով՝ ոչնչով:
Բայց այս հանգամանքը վկայում է, որ նավահանգստի պայթյունը Թեհրանն այդուհանդերձ դիտարկում է շատ ավելի քաղաքական ասպեկտով և, գուցե, նույնիսկ ունի որոշակի տեղեկություններ, որ առաջացնում է «նախագահական անձնական հսկողության» հրատապ անհրաժեշտություն: Ընդ որում, հետաքրքիր է՝ դրանք կապվա՞ծ են Ադրբեջանի հետ, թե՞ ոչ:
Չի բացառվում նաև, որ Ադրբեջան այցի ընթացքում առաջացել է այնպիսի հանգամանք, որ իրանական կողմը կայացրել է ժամանակից շուտ Իրան վերադառնալու որոշում՝ չմնալով Բաքվում: Իսկ պայթյունի հանգամանքն այս դեպքում կարող է լինել պատճառաբանության առիթ:
Այդ իմաստով հետաքրքիր է, որ այցը սեղմելու մասին հայտնի է դառնում այցի մեկնարկից ժամեր անց, ոչ թե մինչև այցը: Չէ՞ որ պայթյունը տեղի է ունեցել երկու օր առաջ, հետևաբար, ուշագրավ է, որ Փեզեշկիանի այցից առաջ չի հայտարարվել, որ այն նախատեսվածի փոխարեն կտևի մեկ օր»: