Հրապարակախոս Արայիկ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՑ
Ես ներողություն եմ խնդրում ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՑ՝ անհասկացող «բալիկների» փոխարեն։
Ներողություն եմ խնդրում, որովհետև նրանք դա չեն անելու։
Չեն անելու, որովհետև ոչ միայն չունեն բարեկրթություն, չունեն քաղաքավարություն, չունեն մեծահարգություն, չունեն արժեքներ, այլև չունեն հայրենիքի, պետության զգացողություն, չունեն տեղի ու ժամանակի զգացողություն, չունեն հույզեր։
Եթե ունենային, հայ երաժշտության 86-ամյա լեգենդին՝ կորացած, գլխահակ, լուռ, ճերմակած մազերով, եկած նախնիների խորհրդանշական շիրիմին այցի, եկած ցեղասպանության զոհերին ոգեկոչելու, կնկարահանեին լռության մեջ՝ Ծիծեռնակաբերդում հազիվ քայլելիս, ու կհեռարձակեին աշխարհով մեկ, որովհետև նրան աշխարհում ճանաչում են։
Ճանաչում են նրա անկրկնելի երաժշտությամբ, նրա անկրկնելի «Ռեքվիեմով», նրա հանճարեղ կինոերաժշտությամբ։
Նրան ճանաչում են։ Եվ դա կլիներ Հայաստանի մասին, հայ ժողովրդի մասին, հայրենիքի մասին, ցեղասպանության մասին։
Բայց դա նրանք չէին անի, որովհետև նրանք ամբարտավան են, նրանք մի արժեք են ճանաչում, և այդ արժեքը նրանց տերերն են։
Ի՞նչ եք ուզում, որ խոսեր մարդը, որը 86 տարեկանում, իր առողջական խնդիրների հետ գտել է կամք ու համարձակություն՝ բարձրանալու Ծիծեռնակաբերդ։
Դուք չեք ուզում, որ նա խոսի։ Դուք ուզում եք, որ նա ասի այն, ինչ ձեզնից սպասում են ձեր տերերը, ինչի համար ձեզ՝ միկրոֆոն տեղափոխողներիդ ուղարկել են։ Իսկ եթե խոսեր ու ասեր, որ հենց ձեր տերերն են այս երկիրը հասցրել այս հանգրվանին, որ նրանք սրիկա են, որ նրանք հայրենադավ են, դուք դա հեռարձակելու՞ էիք։ Ոչ։ Լավագույն դեպքում շարունակելու էիք ձեր անկիրթ աքլորակռիվը։
Եվ ո՞վ ասաց, որ ձեզ է իրավունք տրված որոշելու, թե ով ինչ խոսի։ Դու՞ք եք չափանիշը։ Դատապարտում են։
Ո՞վ է դատապարտում, դու՞ք եք դատապարտում։ Որտեղի՞ց ձեզ այդքան ինքնահավանություն։
Ձեզ համար պիտի ամաչեն ձեր ուսուցիչները, ձեր դասախոսները։
Պիտի ամաչեն, որ չեն սովորեցրել, որ մասնագիտությունը, որի անունից դուք եք, ցավոք սրտի, հանդես գալիս այսօր, ստորագրության, պատվի մասնագիտություն է։ Պիտի ամաչեն ու ներողություն խնդրեն, որ դուք չունեք այդ պատիվը։
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ միշտ լինելու է։ Միշտ։
Նա այլևս հավերժի անուն է։ Եվ հավերժի անուն է համաշխարհային երաժշտարվեստի երկնակամարում։
Իսկ դուք չեք լինելու։ Դուք նույնիսկ ներկայի անուն չեք։
Ու, ցավոք, այնքան եք ամբարտավան ու անբարեկիրթ, որ նույնիսկ դա չեք գիտակցում, չեք հասկանում ձեր վարքի անվարքությունը։
Հանճարեղ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ․ «Լծված տերերի շառաչուն կառքին՝ հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ»։
Ուզում եմ, որ սիրելի ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆՆ իմանա, որ, ցավոք, այո, այսօր այդպիսին է հայաստանյան լրագրության հավաքական դեմքը, որովհետև հայաստանյան մեդիան այսօր աշխարհի ամենավարձու մեդիաներից է, բայց Հայաստանում նաև շատ են այն մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ է ստորագրության պատիվը։
Հայաստանում կան ճշմարիտ լրագրողներ, հավատացեք, Վարպետ»։