Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Վտանգավոր լռություն կամ գաղափարական մոլուցք․
Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ընտրվելուց րոպեներ անց, հայտարարեց, որ կողմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Միութենական պետությանը։ Մինչ այդ էլ հայտարարել էր, որ կողմ չէ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը։ Եվ սա այն ժամանակ, երբ ակտիվորեն ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի շուրջ։
Հետևաբար, Վարդան Ղուկասյանի այս դիրքորոշումը ոչ թե ինչ որ ծանր իրավիճակից ելք որոնելու փորձ է, այլ գաղափարաբանություն և մոլուցքի աստիճանի հասած ցանկություն։
Բայց այստեղ այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է ասել Վարդան Ղուկասյանը։ Ավելի կարևոր է՝ ինչ դիրքորոշում ունեն նրան երեկ քվեարկած խմբակցությունները։ Եթե նրանք չեն արտահայտում հակառակ դիրքորոշում, ապա ամբողջությամբ կիսում են այդ դիրքորոշումը։
Օրակարգերը պետք է հստակեցնել և թացը չորից տարբերել.
Անդրադառնում եմ այս թեմային, քանի որ նրան քվեարկած խմբակցություններից մեկը ներկայացված է նաև Երևանի ավագանիում։ Պետք է հնչի հստակ և հակառակ դիրքորոշում՝ ոչ միայն խոսքի, այլ նաև գործողության տեսքով հակառակ դեպքում իմաստ չունի նրանց հետ քննարկել կամ բանավիճել քաղաքային օրակարգի շուրջ տրանսպորտի, ծառի կամ կոյուղու հարցերով։ Անկախության հարցի մասին լռության պայմաններում քաղաքային հարցերի քննարկումը այդպիսի ուժերի հետ դառնում է կեղծ օրակարգ։ Հակառակ դեպքում՝ դադարեցրեք ձևացնել, թե ծառը, տրանսպորտը կամ կոյուղու խնդիրը ձեզ ավելի է հետաքրքրում, քան մեզ, քանի որ լռության պարագայում կնշանակի, որ ձեզ անգամ Հայաստանի պետականությունը հետաքրքիր չէ»։