Տեսակետ

Սարգսյանի ներկայությունը քաղաքական կյանքում վիրավորանք է յուրաքանչյուր քաղաքացու համար. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանի այս ելույթը քաղաքական հիշողության և արժեհամակարգային բարոյականության ուղղակի և ցինիկ ոտնահարում է։ Մարդ, որի իշխանության տարիներին Հայաստանը ենթարկվեց համակարգային թալանի, որի օրոք ձևավորվեցին օլիգարխիկ քաղաքական համակարգ, բռնապետական կառավարման մշակույթ և արդարադատության խեղաթյուրված մոդել, այսօր հանդգնում է հանրությանը ակնարկել ոչ միայն իր արդարացման, այլև վերադարձի հնարավորության մասին։ Սա ինքնին քաղաքական լկտիության դասագիրք է։

Մարդ, որի անունը համարվում է հռչակագրային կոռուպցիայի, ընտրակեղծիքների, քաղբանտարկյալների և սեփական ժողովրդին ոտնահարելու սիմվոլ։ Մարդ, որի տարիներին երկիրը դարձավ օլիգարխիկ կլանների սեփականություն։ Մարդ, որի իշխանության օրոք խաղաղ պայմաններում զոհվեցին հարյուրավոր զինվորներ, և որի անունը անքակտելիորեն կապված է Մարտի 1-ի արյունալի էջերի հետ։

Մարդ, որը գողացել է ժողովրդի ընտրությունը, ժողովրդի իշխանությունն ու ժողովրդի ապագան, այսօր ոչ թե պետք է ելույթ ունենար կուսակցական դահլիճներում, այլ կանգներ դատարանի ամբիոնի առջև։ Մարդ, որը իշխանությունը պահել է խաբեությամբ, ընդդիմախոսներին լռեցրել է բռնությամբ, ոչնչացրել է ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը՝ ձևավորելով մի պետություն, որտեղ ժողովրդին բաժին էր հասնում լռելը, վախենալը և սրան ու սրան նման անհայրենիք ֆեոդալներին համբերելը։

Այս մարդը խոսելու իրավունք կարող է ունենալ միայն իր միլիարդավոր դոլարների ծագման պատմության մասին։ Պետք է բացատրի՝ ուր տարավ այս երկրի բյուջեն, ինչու նրա կառավարման տարիներին աղքատացան մարդիկ, իսկ հարստացան մերձավորները։ Պետք է պատասխանի այն զինվորների ճակատագրի համար, որոնք ծառայել են իր ստեղծած խեղված և անհավասար բանակում ու տուն չեն վերադարձել, որովհետև բանակը դարձել էր գործարքների, թալանի և կոռուպցիայի առարկա։

Այս անունը քաղաքականության մեջ ներկայանալու իրավունք չունի։ Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում։ Նրա ներկայությունն անգամ քաղաքական կյանքում վիրավորանք է յուրաքանչյուր քաղաքացու համար, ով երազել է արժանապատիվ պետություն, օրենք և արդարություն։

Մարդ, որը գիշերը միանում էր Մաքսային միությանը, իսկ ցերեկը բանակցում ԵՄ-ի հետ՝ արտաքին քաղաքականությունը դարձնելով անձնական բարեկեցության գործիքի, չի կարող խոսել պետական շահի մասին։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է խոսեր ոչ թե իշխանափոխության մասին, այլ առաջիկա տարիներին իրեն սպասվող իրավական և քաղաքական գնահատականի մասին։

Հայ ժողովուրդը նրան արդեն դատել է։ Բայց ցավն այն է, որ Սարգսյանը, ինչպես և Քոչարյանը, կարողացան խուսափել պատժից միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չունեցավ կամք և կարողություն այդ դատը վերածելու պետական գործի։ Նա խոսեց թալանից, բայց չվերադարձրեց թալանը։ Խոսեց արդարությունից, բայց դատական համակարգը զտելու, առողջացնելու փոխարեն շարունակեց։

Այսօր՝ 2025 թվականին, սա պետք է դառնա ազգային օրակարգ։ Ոչ թե վրեժի, այլ խստագույն քաղաքական և իրավական հաշվետվության օրակարգ։ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը, պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն այն ամենի համար, ինչ արել են, այլև՝ ինչ թույլ են տվել չանել, ինչից զրկել են ժողովրդին։

Սա նախկինների հարց չէ։ Սա պետության, օրենքի և ճշմարտության հարց է։

Եվ պատմության այս փուլի ամենամեծ պարտությունը կլինի, եթե Սերժ Սարգսյանը՝ որպես քաղաքական օրակարգ փնտրող մարդ, կարողանա կրկին ստվերել պետական շահը։ Նա քաղաքականություն վերադառնալու իրավունք չունի։ Նրա տեղը՝ իրավական և բարոյական առումով, պետք է մնա այնտեղ, որտեղ կանգնում են պետության դեմ գործած հանցանքի պատասխանատուները»։