Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Բոլորը գրեթե միաձայն խոսում են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ալիևի «պահանջի» մասին: Պարդոն, պարոնայք, դուք հակառակորդ երկրի նախագահի, նրա արտգործնախարարի հնչեցրած մտքերին լիովին ծանո՞թ չեք: Ալիևը «պահանջում է» լուծարել ոչ միայն Մինսկի խումը, այլև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը՝ իր գրասենյակով հանդերձ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Բարձր պլանավորման խումբը:
ԵԱՀԿ Բարձր պլանավորման խումբն անդամ պետությունների պրոֆեսիոնալ զինվորականների թիմ է, որ զբաղվել է զորքերի ետքաշման դեպքում ղարաբաղա-ադրբեջանական շփման նոր գծի և Լաչինի միջանցքի քարտեզագրմամբ: Պարզ ասած՝ գծել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստան-ԼՂ ցամաքային կապի աշխարհագրությունը, քարտեզը: Դա միջազգային համաձայնությամբ կազմված փաստաթուղթ է, որ կցվել է ԼՂ կարգավորման բոլոր առաջարկություններին:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ստեփանակերտում չհաջողվեց համոզել, որ հրապարակայնացնեն այդ քարտեզը և հստակեցնեն նոր շփման գծի և Լաչինի միջանցքի պարամետրերը՝ կիրառելով այն տերմինաբանությունը, որ օգտագործում են ռազմական տոպոգրաֆիստները: Ալիևը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը: Առանց դրա ԼՂ փաստացի աշխարհագրությունը, ադրբեջանական բանակի ներկայիս դիսկոլակացիան միջազգայնորեն լեգիտիմ չէ: Գերխնդիրը դա է:
Եվ մի հավելում. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան «ակտուալ» չի համարում նաև Մինսկի խորհրդաժողովի ֆորմալ գոյությունը: Ինչո՞ւ: Որովհետև այդ խորհրդաժողովը պետք է որոշի ԼՂ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը: Պա՞րզ է, թե ինչ ենք վատնել, երբ 2022 թվականի ապրիլի 14-ին քաղաքական Ստեփանակերտը միաձայն հայտարարել է, որ «Արցախը չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Քաղաքականության լեքսիկոնում դա նշանակում է. «Մեզ ոչ մի կարգավիճակ պետք չէ»: Բա՞, պարոնայք-ընկերներ, քաղաքականությունը ձեր խաղացած բլոտը չէ»: