Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը գրում է.
«Երևանի ավագանու երեկվա նիստին «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամն իր ելույթի մի մասում խոսեց Դավթաշենում հողերի ինչ-որ կոռուպցիոն սխեմաների մասին և ինչ-որ այլ բարբաջանքներ ասաց:
Ամենայն հարգանքով իմ որդու տարիքի ավագանու անդամի հանդեպ` խիստ զգուշացնում ու հորդորում եմ, որ բառերի ընտրության ժամանակ զգույշ լինի: Ես Դավթաշեն շրջանի ղեկավարն եմ, որին Դուք չեք ճանաչում, չգիտեք իմ մոտեցումների, սկզբունքների ու անցած ճանապարհի մասին:
Ավագանու անդամի կողմից բարձրացված հարցի մասին էլ կասեմ հետևյալը` հողազավթման փորձեր եղել են միշտ, հողազավթման փորձը համարվում է «հաջողված», երբ կա «պայմանավորվածություն»:
Ելույթի ժամանակ նշված տարածքում մոտ մեկ ամիս առաջ եղել է հողահարթեցման փորձ, բայց վարչական շրջանի աշխատակիցների կողմից անմիջապես կասեցվել է: Նշված տաղավարն էլ (ավելի շուտ` մետաղի ջարդոնը) ունի տեղադրման տասնամյա վաղեմություն:
Ելույթում նշված 5000 ք/մ տարածքը իրականությանը չի համապատասխանում։
Նշեմ, որ իմ կողմից առաջարկվել է այդ տեղում կառուցել սպորտդպրոց, բայց տարածքը համարվել է փոքր: Երևանի քաղաքապետի շրջայցի ժամանակ էլ առաջարկել եմ այդ մասում կառուցել Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենք:
Դարձյալ հորդորում եմ՝ անպատասխանատու բառեր, նախադասություններ , մտքեր ասելուց առաջ մտածել, որ ինքներդ չընկնեք անհարմար իրավիճակում»,- հայտնել է նա։