Տեսակետ

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․

Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր: Տեղաբաշխումը տեղի է ունեցել մարտի 5-ին։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%: Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը 6.75% է:

Հիմա փորձեմ տալ որոշ հարցերի (երբեմն նաև՝ շահարկումների) պատասխանները:

Ինչո՞ւ ֆիննախը նախապես չի հայտարարել այս տեղաբաշխման մասին:

 Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Նախորդ չորս թողարկումների ժամանակ էլ տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է տեղաբաշխումից հետո:

Դա ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով: Թողարկողի, տեղաբաշխողի, շուկայի խաղացողների, գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերի միջև գործում է հստակ ընթացակարգ, որը վերաբերում է նաև հաղորդագրության տարածման ժամկետին ու մանրամասներին:

Կրկնեմ. ՄԻՇՏ է այդպես եղել:

Ցանկացել են ինչ-որ բա՞ն թաքցնել

 Հարցն ինքնին աբսուրդային է, որովհետև միջազգային պարտատոմս թողարկել ու հաջողությամբ տեղաբաշխելը, մեղմ ասած, վատ բան չի: Ու դրա հաջող իրագործման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվում:

Սրան էլ ավելացնենք, որ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թ-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թ-ի փոխառությունների ծրագրում:

Արտաքին պարտքը ավելանում է 750 միլիոն դոլարո՞վ:

 ՈՉ: Որովհետև այդ 750 միլիոն դոլարի մի զգալի մասով հետ է գնվում (վերադարձվում է) նախորդ՝ չորրորդ թողարկման պարտքը:

Պարզ օրինակով ասեմ. վերցրել եք 1000 դրամ վարկ, տարիների ընթացքում մարել կամ վերադարձրել 400 դրամը: Հիմա կրկին վերցնում եք 1000 դրամ վարկ, որից 600 դրամով ամբողջությամբ մարում եք նախորդ վարկը:

Դրա համար էլ նշվում է, որ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կօգտագործվի եվրապարտատոմսերի թողարկումից ստացված ԶՈՒՏ հասույթը: Զուտ՝ այսինքն նախորդ պարտքը մարելուց հետո մնացած գումարը:

 Եվ վերջապես, 750 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկումը վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին: Եվ անկախ գումարի չափից ու դրա ծախսման ուղղությունից, միջազգային շուկայում թուղթ տեղաբաշխելն ու այդ շուկայում ներկայություն ու մասնակցություն ունենալը չափազանց կարևոր է ցանկացած երկրի համար:

Ամենատարօրինակն այն է, որ քննադատողների և դավադրությունների տեսություններ տարածողների մեջ կան մարդիկ, որոնք այս ամենը շատ լավ գիտեն, և ժամանակին (հատկապես առաջին թողարկման ժամանակ) մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էին խոսում այս գործընթացի մասին: