Տեսակետ

Խաղաղության դեմոնացումը․ Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումը․

Խաղաղության դեմոնացումը։

Այն, ինչ հիմա իրականացնում են խորհրդարանական քաղաքական ուժերն ու արտախորհրդարանական ուժերի մի մասը, կոչվում է «խաղաղության դեմոնացում» կամ «դևացում»։ Դա երևույթ է, երբ խաղաղությունը, որը սովորաբար համարվում է դրական և բոլորի կողմից ցանկալի նպատակ, սկսում է ընկալվել որպես բացասական, վտանգավոր կամ նույնիսկ անընդունելի բան։

Իսկ ինչո՞ւ են այդ քաղաքական ուժերն ու անհատներն իրականացնում խաղաղության համակարգված դեմոնացում։ Որպեսզի այն կորցնի իր սկզբնական իմաստը և դառնա մի բան, որին մարդիկ կվերաբերվեն կասկածով, վախով կամ նույնիսկ զայրույթով, և որպեսզի խաղաղության օգուտները՝ ինչպես կայունությունը կամ տնտեսական առաջընթացը, կորցնեն իրենց գրավչությունը այդ վախերի ու կասկածների ֆոնին։

Այդ ուժերին խաղաղություն, տնտեսապես զարգացած և անվտանգ Հայաստան պետք չէ, որովհետև այդպիսի պայմաններում նրանք ասելիք չեն ունենա մեր ժողովրդին։ Այլևս անիմաստ կլինի նրանց գոյությունը, թեև հիմա էլ այն առանձնապես իմաստալից չէ։ Նրանք կարող են գոյատևել միայն հարատև կոնֆլիկտի և մշտական, բայց անհասանելի «պահանջատիրության» պայմաններում, երբ միշտ կարելի է հայրենասիրական ճառեր ասել՝ առանց երբեք պատասխանելու «այդ ինչպե՞ս» հարցին։

Հետևաբար, մենք՝ հասկանալով այդպիսի քաղաքականության իրական դրդապատճառները, պետք է ավելի ամուր ջատագովենք խաղաղությունը և, ինչքան էլ դժվար լինի, հաստատակամ քայլերով գնանք դեպի այն։