Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմ, որը կառավարող կուսակցության անդամ է, իսկ այժմ նախագահում է Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, հայտարարել է, որ արժե Թուրքիայի Սահմանադրությամբ վերանայել քաղաքացիության սահմանման կոնցեպտը: Նա առաջարկում է թուրք հասկացությունը սահմանել քաղաքացիությամբ, այլ ոչ թե էթնիկ պատկանելությամբ:
Ըստ էության նույն առաջարկն է արել Թուրքիայի մեկ այլ նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ավելին, Դավութօղլուն առաջարկում է Թուրքիայում թուրքերենից բացի պետական կարգավիճակ տալ նաև քրդերենին:
Սա տեղի է ունենում Օջալանի արդեն հայտնի կոչի և Թուրքիայում քրդական ուժերի հետ նշմարվող որոշակի «մեղրամսի» ֆոնին: Իհարկե հարցը նաև հենց դա է՝ Թուրքիայում որոշակի «մեղրամի՞ս» է, թե՞ տեղի են ունենում իսկապես խորքային պրոցեսներ, որոնք ընդհուպ կարող են վերաբերել նաև հենց թուրքական ինքնության որոշակի «խմբագրման» հեռանկարների, որոնց շնորհիվ փորձ արվի առավել այսպես ասած «մոնոլիտացնել» բազմազգ կառուցվածքը, թուրք հասկացությունը էթնիկ «հիմքից» տեղափոխելով «քաղաքացիականի»:
Եթե դա խորքային, այլ ոչ թե ժամանակավոր տակտիկական պրոցես է, ապա դա իսկապես կնշանակի ինքնության որոշակի տրանսֆորմացիա: Դրակա՞ն, թե՞ ոչ՝ Թուրքիայի հարևանների համար: Սա իհարկե բարդ է ասել: Որովհետև հնչեցվողը դեռևս ընդամենը մի գաղափարական հատիկ է, մինչդեռ «բերքը» կախված է լինելու բազմաթիվ այլ գործոններից»: