ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում գրել է.
««Արցախը բանակցային գործընթացից երբեք դուրս չի մնացել։ Սա կեղծ թեզ է, որը շարունակաբար փորձում են հրամցնել մեր ժողովրդին։ Մեկ օրինակ բերեք, երբ իմ օրոք համանախագահողները եկել են տարածաշրջան և չեն գնացել Ղարաբաղ, չեն հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ։ Մինսկի խմբի բոլոր գործողությունները եղել են Ղարաբաղի ներգրավվածությամբ, Ղարաբաղը եղել է կոնֆլիկտի կողմ։ Քարոզչական նպատակներով օգրագործված թեզ է, որը որևէ փաստական հանգամանքով հիմնավորված չէ»,- ասում է Քոչարյանը։
Անշուշտ, հիմնավորված է, բայց դրան կանդրադառնամ քիչ անց։ Իսկ մինչ հիմնավորումներին հասնելն ասեմ, որ այս հայտարարության համար Քոչարյանը ճիշտ հասցեատեր չի ընտրել։ Քոչարյանը նախ իր թիմակիցներին պետք է համոզի, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից երբեք դուրս չի մնացել, քանի որ վերջիններս ամիսներ շարունակ պնդում էին, որ Ղարաբաղը, այո, դուրս է մնացել բանակցությունների սեղանից, բայց դա տեղի է ունեցել ոչ թե Քոչարյանի, այլ Տեր-Պետրոսյանի օրոք։ Նշվածը հիմնավորելու համար նույնիսկ ստիպված էին եղել քրքրել Լիպարիտյանի հոդվածները, գրքերը, և ոչ միայն։
Թիմակիցներից զատ՝ Քոչարյանը նաև ինքն իրեն պետք է համոզի, որ Ղարաբաղը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից։ Այսպես՝ 2018թ․ հոկտեմբերի 24-ին «Հայոց աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում Քոչարյանն ասել է․ «Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ. վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին, Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին»:
Երեկ Քոչարյանը լրագրողներին հարցնում էր՝ արդյոք եղե՞լ է գեթ մեկ դեպք, որ ինքն իրեն հակասի, նույն հարցի վերաբերյալ մեկ մի բան ասի, մեկ՝ այլ։ Եթե կարճ, ապա այո։
Հիմա անդրադառնանք հիմնավորումներին։ 1994թ․ի հրադադարը կնքվել է երեք կողմերի միջև։ Հրադադարի փաստաթղթի տակ դրված են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրությունները։ Այսինքն՝ 1994 թվին Ղարաբաղը եղել է բանակցային լիիրավ կողմ։ 1997թ․ հուլիս և դեկտեմբեր, համապատասպանաբար կարգավորման Փաթեթային և Փուլային տարբերակներ։ Մինսկի խմբի համանախագահների կողմից ուղարկվել են երեք մայրաքաղաքներ՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ։ Լեռնային Ղարաբաղն իրավունք ուներ վետո կիրառել այդ տարբերակների վրա, ըստ այդմ՝ բանակցությունների լիիրավ կողմ էր։
1998թ․ ընդհանուր պետության տարբերակ, ՀՀ նախագահն արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն է։ Բանակցային փաստաթղթերը կրկին ուղարկվում են Երևան, Բաքու, Ստեփանակերտ, Ղարաբաղն ունի վետոյի իրավունք, այսինքն՝ բանակցությունների լիիրավ կողմ է։ 2001թ․ Քի Ուեսթի տարբերակ, որը համանախագահների առաջարկն է՝ ուղարկված արդեն միայն պաշտոնական Երևանին և Բաքվին։ Այս առնչությամբ Մինսկի խմբի համանախագահ Կազիմիրովը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է․ «Ռոբերտ Քոչարյանը հենց Արցախից եկավ և դարձավ նախագահ և, ըստ էության, միջազգային հանրության մոտ նա ընկալվում էր նաև որպես Արցախի ներկայացուցիչ»։
Այսպիսով՝ աներկբա է, որ Քոչարյանն է Արցախը դուրս թողել բանակցությունների գործընթացից, և դա, թերևս, եղել է պալատական հեղաշրջումը և հակասահմանադրական եղանակով ՀՀ նախագահ դառնալը միջազգային հանրության մոտ մարսելու գինը»։