ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի գրառումը․
Մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որտեղ որոշ շրջանակներ, չկարողանալով նույնիսկ ճշմարտանման հակափաստարկներ ներկայացնել մեր վարած տարբեր քաղաքականությունների դեմ, իրենց գոյությունը հիշեցնելու և ըստ էության պետության հիմքերը խարխլելու համար զանգվածաբար դիմում են քայքայիչ մեդիատեռորի մեթոդներին։
Այս մեթոդներն ընդգրկում են տեղեկատվության խեղաթյուրումը և աբսուրդի հասնող մանիպուլյացիաները, ինչպիսիք են՝ «ադրբեջանցիների» պարը, հակառակորդի կեղծիքների տարածումը, բանկային գաղտնիքի շահարկումը, Մասիսով ստորագրությունը, Տելսելի տոմսը, ավտոբուսի համարը, ՀՀ դրոշի թեման և այլ արհեստական աղմուկներ։
Ավելին, այս քարոզչական արշավը հաճախ իրականացվում է միաժամանակ տարբեր ուղղություններով, որպեսզի մենք պարզապես չհասցնենք ճշգրիտ տեղեկատվությամբ փարատել հանրության կասկածները։ Սա ևս այդ մեդիատեռորի «ռազմավարության» մաս է՝ հանրային վստահությունը խարխլելու և պետական ինստիտուտները թուլացնելու նպատակով։
Ամենահետաքրքիրն այն է, որ վերջին շրջանում այս մեդիատեռորին լծվել են ոչ միայն անհայտ տելեգրամ ալիքները, ֆեյքերի բանակները և բլոգերները, այլև դասական («կլասիկ») քաղաքական կուսակցություններն ու գործիչները։ Սա նրանց քաղաքական սնանկության և անզորության ամենավառ ապացույցն է։
Այս իրավիճակում, որը հատկապես ընտրությունների նախաշեմին սրվելու հակում ունի, մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք այս արշավին դիմագրավելու համար։ Սա միայն մեր քաղաքական դիրքորոշման հարց չէ. այն ուղիղ կապ ունի մեր պետության կայունության և ժողովրդավարության պահպանման հետ։
Դիմակայելը դժվար է լինելու, բայց անխուսափելի և իրագործելի։